Հայ խորհդարանականները ՌԴ նախագահի առաջիկա ընտրությունում ակտիվ մասնակցություն կունենան դիտորդական առաքելություններում. Բաբլոյան
Քաղաքական
15:56 14/02/2018
Հայաստան

Հայ խորհդարանականները ՌԴ նախագահի առաջիկա ընտրությունում ակտիվ մասնակցություն կունենան դիտորդական առաքելություններում. Բաբլոյան

«Այս այցը ևս մեկ խթան կհանդիսանա միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում»,-  այս մասին նշել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ այսօր Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը։

ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը ողջունել է Վյաչեսլավ Վոլոդինի՝ որպես ՀԱՊԿ ԽՎ նախագահ, կառույցի դերի բարձրացմանն ուղղված գործունեությունը: Խորհրդարանների ղեկավարները քննարկել են այս տարի ՀԱՊԿ ԽՎ միջոցառումները Երևանում և Սանկտ Պետերբուրգում անցկացնելու հարցը:

Անդրադառնալով Եվրասիական երկրների խորհրդարանների նախագահների խորհրդակցությունն անցկացնելու Ռուսաստանի առաջարկին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս հարթակն արդեն ապացուցել է իր կենսունակությունը՝ առանց խոչընդոտների երկխոսության հնարավորություն ստեղծելով: Նա վերահաստատել է խորհրդակցությունը 2020 թվականին Հայաստանում անցկացնելու հայկական կողմի պատրաստակամությունը:

Խոսելով միջխորհրդարանական միջազգային հարթակներում փոխգործակցության մասին՝ Արա Բաբլոյանը կարևորել է առավել համակարգված գործակցությունը՝ հիմնված փոխաջակցության վրա: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) գործունեության առնչությամբ՝ նշելով, որ վերջինս, հեռանալով իր տնտեսական գործունեության էությունից, քաղաքականացվել է: Միաժամանակ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է Եվրոպայի և Ասիայի երկրների խորհրդարանների միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ հայ խորհդարանականները Ռուսաստանի նախագահի առաջիկա ընտրությունում ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ շրջանակում ակտիվ մասնակցություն կունենան դիտորդական առաքելություններում:

Նշելով, որ ավանդական գործընկերային հարաբերություններն ամուր հիմք են հետագա համագործակցության համար՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել է, որ երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, խորհրդարանական կառույցները փոխգործակցում են, ընդլայնվում են մշակութային և կրթական կապերը:

Նշենք, որ ՌԴ մեկնած ԱԺ նախագահի պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Placeholder
Հայ խորհդարանականները ՌԴ նախագահի առաջիկա ընտրությունում ակտիվ մասնակցություն կունենան դիտորդական առաքելություններում. Բաբլոյան