Բժշկական համալսարանը ձեռք կբերի «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»-ի բաժնետոմսերը
Քաղաքական
12:46 15/02/2018
Հայաստան

Բժշկական համալսարանը ձեռք կբերի «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»-ի բաժնետոմսերը

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը  ձեռք կբերի «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացնելով որոշման նախագիծը՝ նշեց, որ այս ծրագիրը կապված է համալսարանի զարգացման հետ:

Նախարարի խոսքով՝ բժշկության զարգացումն ամբողջ աշխարհում բերել է լուրջ մրցակցության  բժշկական կրթության ոլորտում, և մեր բժշկական համալսարանը՝ որպես հիմնական կրթօջախ, այս ոլորտում հասել է հաջողությունների: «Այսօր  Բժշկական համալսարանում կրթություն ստացողներից ամեն չորրորդն արտերկրից է: Ընդհանուր առմամբ՝ մեր բուհում սովորում են շուրջ 30 երկրների քաղաքացիներ»,- ասաց Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ ձեռք բերելով Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի բաժնետոմսերը՝ կձևավորվի հզոր կլինիկական կենտրոն:

Ըստ նախարարի՝  Համալսարանը անհրաժեշտ ներդրումները կատարելու համար նախատեսում է ներգրավել վարկային միջոցներ: «Բաժնետոմսերը ձեռք կբերվեն արտոնյալ վարկային պայմաններով՝ շուրջ 10 տարի մարման ժամկետով»:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ  Համալսարանի և «Միքայելյան վերաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հիմնական բաժնետերերի հետ նախնական բանակցությունների արդյունքում նախատեսվում է ձեռք բերել տվյալ ընկերության կանոնադրական կապիտալի 90.5 տոկոս մասնաբաժինը մոտ 2.5 մլրդ ՀՀ դրամով: Բաժնետոմսերը յուրաքանչյուրը 1000 դրամ արժողությամբ են:

Գործարքի արդյունքում ընկերությանը պատկանող 32,000 ք.մ ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները կանցնեն Համալսարանի տնօրինության տակ եւ մոտ 4 մլն. ԱՄՆ դոլար լրացուցիչ ներդրումների իրականացման պարագայում հնարավորություն կստեղծվի ունենալու լրացուցիչ 32,000 ք.մ ուսումնական, գիտական, կլինիկական և հանրակացարանային գործառույթների իրականացնելու համար արդի պայմաններ։

Այսպիսով, իրականացնելով մոտ 4.5-5 մլրդ. դրամ կապիտալ ներդրումներ, Համալսարանը կունենա մոտ 59,000 ք.մ «արտադրական» տարածքներ, ինչպես գիտակրթական գործունեության ընդլայնման, այնպես էլ համալսարանական հիվանդանոցների գործունեության ընդլայնման և զարգացման համար։

Նշվում է նաև, որ «Avenue Consulting Group» կազմակերպության կողմից կատարվել է համապարփակ վերլուծություն և տրվել է ֆինանսական և իրավական հաշվետվություն փակ բաժնետիրական ընկերության ներկայիս ֆինանսական և իրավական պարտավորությունների մասին:

 

Placeholder
Բժշկական համալսարանը ձեռք կբերի «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»-ի բաժնետոմսերը