Ֆիքսում ենք, հաջորդ տարի նորից ֆիքսում ենք ու ոչ մի բան չենք անում. վարչապետը՝ Արծվիկ Մինասյանին
Տնտեսություն
11:47 15/02/2018
Հայաստան

Ֆիքսում ենք, հաջորդ տարի նորից ֆիքսում ենք ու ոչ մի բան չենք անում. վարչապետը՝ Արծվիկ Մինասյանին

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր շրջակա միջավայրի մոնիթորինգին:

Վարչապետը նշեց, որ բնապահպանության նախարարության կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հետազոտություններ, որոնք պարունակում են հանրապետության տարբեր բնակավայրերի մթնոլորտային օդի, հողերի և ջրերի աղտոտվածության, սահմանաչափերի գերազանցման վերաբերյալ տեղեկություններ։ 

Միաժամանակ, ըստ  Կարեն Կարապետյանի, նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների, պատճառների և դրանց վերացման վերաբերյալ վերլուծություններ, իսկ օրենսդրությամբ լիարժեք սահմանված չեն արձանագրված խնդիրների նվազեցման կամ լուծման պարտադիր պայմաններ և գործուն մեխանիզմներ։ 

Վարչապետը Բնապահպանության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ապահովել շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքներում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ վերլուծության իրականացումը, ինչպես նաև կառավարության աշխատակազմ ներկայացնել դրանց կատարումը ապահովող գործիքակազմի վերաբերյալ առաջարկություններ։ Ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց ձեռնարկել միջոցներ համայնքների կողմից, բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքում վերհանված խնդիրների նվազեցման և բնապահպանական վիճակի բարելավման ուղղությամբ։

«Բնապահպանության նախարարության հաշվետվությունը լսելիս արձանագրել ենք՝ կան համայնքներ, որտեղ  տարեցտարի Բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում: բայց դրանից հասկանալի չէ՝ համայնքապետը ի՞նչ պետք է անի և դա կրում է, չգիտեմ ինչ բովանդակություն: Այսինքն՝ ֆիքսում ենք, ոչ մի բան չենք անում, հաջորդ տարի նորից էլի ֆիքսում ենք: Այդ իսկ պատճառով, պարոն Մինասյան, հստակ ձևակերպում ենք», - դիմելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ ասաց Կարեն Կարապետյանը:

Placeholder
Ֆիքսում ենք, հաջորդ տարի նորից ֆիքսում ենք ու ոչ մի բան չենք անում. վարչապետը՝ Արծվիկ Մինասյանին