Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կոռուպցիոն սկանդալներից մաքրվելու Ադրբեջանի հերթական անհաջող փորձը կամ «PR աղետ»
Երեկ ադրբեջանական մամուլում մեծ արագությամբ շրջանառվեց լուրը, որ իտալացի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեին Միլանի դատարանը արդարացրել է: Վերջինս ներգրավված է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շուրջ կոռուպցիոն սկանդալում և համաձայն զեկույցների՝ Ադրբեջանից ստացել է 2.39 միլիոն եվրո՝ այդ երկրի շահերը առաջ մղելու համար: Ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովը, ում անունը նույնպես կապված է այս սկանդալի հետ, շտապել էր հաղորդագրություն տարածել, որ Վոլոնտեն արդարցվել է` պաթետիկ կերպով նշելով, որ «ցավակցում է իր, Ադրբեջանի և Վոլոնտեի դեմ զրպարտանքի կազմակերպողներին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են Հայաստանին»:
Ավելին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ալի Հասանովը, մեկնաբանելով Միլանի դատարանի որոշումը, սպառնացել է իրավական ընթացակարգեր սկսել բոլոր նրանց դեմ, ովքեր իրականացրել են հակաադրբեջանական արշավը:
Նա նշել է, որ այդ տեղեկատվություն տարածող կենտրոնը` «Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի մասին զեկուցման նախագիծը»՝ OCCRP, ստեղծվել է հակաադրբեջանական ուժերի կողմից և Ադրբեջանի միջազգային հեղինակությունը սևացնելու նպատակ է հետապնդում:
Այսօր OCCRP-ի խմբագիր և համահիմնադիր Դրյու Սալիվանը թվիթերի իր էջում բավականին կոշտ պատասխանել է Ալի Հասանովին:
«Կոռումպացված, ընտանիքի կողմից ղեկավարվող Ադրբեջանին և պարոն Հասանովին, ով սիրում է սպառնալ լրագրողներին` Դուք սխալվում եք: Պարոն Վոլոնտեն արդարացվել է փողերի լվացման մեղադրանքներից, բայց դեռևս մնում են կոռուպցիայի հետ կապված մեղադրանքները, այն փողերի համար, որ ձեր երկիրն ուղարկել է նրան: Սպասեք ավելիին»,- գրել է Սալիվանը:
Իսկ Ադրբեջանցի հայտնի հետքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում այս լուրի շրջանառումն անվանել է «PR աղետ»:
«Սպառնալով լրագրողներին և ստելով դատական գործի մասին նրանք պարզապես հիշեցնում են օտար մամուլին կաշառքի մասին և ևս մեկ առիթ են տալիս խոսել Ադրբեջան-ԵԽ կոռուպցիայի մասին»,- գրել է նա թվիթերում:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն որոշում կայացրեց ստեղծել արտաքին հետաքննության մարմին՝ ԵԽԽՎ-ում պատգամավորների շրջանում կոռուպցիոն պնդումներն ուսումնասիրելու համար։ Մարմինը գործում է գաղտնիության պայմաններում։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ խումբն իր ուսոմնասիրության արդյունքները պետք է ներկայացներ մինչև 2017թ․-իդեկտեմբերի 31-ը, սակայն ժամկետը երկարացվեց ու զեկույցը վեհաժողովին կներկայացվի ապրիլյան նստաշրջանում։