«Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է». Լեհաստանում ՀՀ դեսպան
Քաղաքական
16:34 17/02/2018
Հայաստան

«Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է». Լեհաստանում ՀՀ դեսպան

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում նախօրեին Պենդերեցկու համերգի ունկնդիրների թվում էր Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։

«Պենդերեցկին այն գործիչն է, ում այցելությունը ցանկացած երկիր տոն է այդ երկրի մշակութային հասարակության համար։ «Մեզ համար այս այցելությունն ունի առանձնակի կարևորություն, քանի որ մաեստրոն ունի հայկական արմատներ, և ինքը, ընդունելով իր հայկական արմատները, որոշակիորեն նաև հայ-լեհական բարեկամության մի գեղեցիկ խորհրդանիշ է։ Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է»,- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ասել է Էդգար Ղազարյանը։

Աղբյուրը՝ հայտնում է, որ այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի փակման գալա համերգը։ Կայանալու է հայաստանյան պրեմիերա. Պենդերեցկու Յոթերորդ սիմֆոնիան՝ «Երուսաղեմի յոթ դարպասները» մեծակտավ ստեղծագործությունը, կներկայացնեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը։ Մենակատարներ՝ Իվոնա Հոսսա (սոպրանո), Կարոլինա Սիկորա (սոպրանո), Մալգորզատա Պանկո (մեցո-սոպրանո), Ալեքսանդր Կունախ (տենոր), Պյոտր Նովացկի (բաս), Սլավոմիր Հոլանդ (ասմունք)։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, Մացեյ Տվորեկ (Պրոֆեսոր Քշիշտոֆ Պենդերեցկու ասիստենտ դիրիժոր), գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան։

Պենդերեցկու փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։

Placeholder
«Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է». Լեհաստանում ՀՀ դեսպան