«Ելք»-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել մարտի մեկի զոհերի հարազատներին
Քաղաքական
12:54 23/02/2018
Հայաստան

«Ելք»-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել մարտի մեկի զոհերի հարազատներին

ԱԺ «Ելք» խմբակցությունը պատրաստել է 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ: Ընթացող լսումների ժամանակ այն ընթերցեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նախագիծը քննարկվել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, դրական եզրակացություն չի ստացել: «Ելք» խմբակցության որոշմամբ հարցը ճանաչվել է արտահերթ և  կքննարկվի  հաջորդ քառօրյայի երեքշաբթի օրվա նիստի ընթացքում:

Նախագծում ասված է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը՝

Մտահոգված լինելով, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքները կեղծելու , ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքը ոտնահարելու մասին ահազանգերը պատշաճ քննության չեն արժանանում

կարևորելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավքների անցկացման իրավունքի արդյունավետ ու  անվտանգ իրացման հնարավորությունը  և հանրային համերաշխության վերականգնումը

վրդովված լինելով, որ մինչև օրս  Երևան քաղաքի կենտրոնում 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում առնվազն տասը քաղաքացիների սպանության մեղավորները հայտնաբերված չեն և զոհերի հարազատներին չի վճարվել արդարացի փոխհատուցում

անընդունելի համարելով քաղաքական գործունեության համար ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների դեմ քրեական հետապնդում իրականացնելու պրակտիկան, որ մինչև օրս կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում

Հայտարարում է

1. Խստորեն  դատապարտում է  2008 թ. նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող ՀՀ քաղաքանցիների նկատմամբ  2008թ. մարտի 1-ի և լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության  ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաև այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամաբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը

2. ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել և խստագույն պատասխանատվության կանչել մարտի 1-2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին  և անմիջական կատարողներին, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի կերպով ուժ կիրառողներին

3. Անընդունելի է համարում 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքակն գործընթացում  բանակի մասնակցության, ինչպես նաև ընտրությունների արդյունքները վերահսկելու և կեղծելու համակարգված մեխանիզմների մասին

4. ՀՀ գլխավոր դատախազությանը կոչ է անում  մարտի 1-2-ի գործով դատապարտված ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել

5. Պարտավորվում է  առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածների, ինչպես նաև ոստիկանության կողմից ապօրինի ուժի արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին»:

Placeholder
«Ելք»-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել մարտի մեկի զոհերի հարազատներին