Ծխելու դեմ պայքարն ունի պատկերանշան
Քաղաքական
19:35 23/02/2018
Հայաստան

Ծխելու դեմ պայքարն ունի պատկերանշան

Ծխելու դեմ պայքարի շարժումն այսուհետև կընթանա  հանրության շրջանում հավանության արժանացած պատկերանշանով։  Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ այն պաշտոնապես ներկայացրել է ԱՆ առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

Նա կարևորել է, որ հանրային վայրերում ծխելն արգելող այս պատկերանշանը, հավանության  արժանանալով նաև սոցիալական ցանցերում, մեծ տարածում է ստացել։

«Ստեղծարար այս խումբն իսկապես նորարարական մոտեցում է ցուցաբերել և ներքին համոզվածությամբ ու հոգի դնելով է այս գործն արել»,-ասել է Ալեքսանդր Բազարչյանը։
«Դոպինգ» ստեղծագործական ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Սիմոնյանի խոսքով` խորհրդանշանի ստեղծման գաղափարը ծնվել է անցած տարվա մայիսի վերջին, երբ առողջապահության նախարարությունը Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ընթացքում շեշտեդրում էր պասիվ ծխողներին ծխից զերծ պահելու անհրաժեշտությունը։

Խորհրդանշանի ստեղծման գաղափարախոսությունը ներկայացվել է «Դոպինգ» կազմակերպության նկարահանած տեսահոլովակով։ 

Աղբյուրը նշում է, որ Հայաստանում ծխում է բնակչության 27,9 տոկոսը, մնացած 72,1 տոկոսը հասարակական վայրերում և տներում դառնում են պասիվ ծխողներ։ Հաշվի առնելով ճանապարհային երթևեկության նշանների նկատմամբ զգուշավորության բարձր մակարդակը` մուտքն արգելող նշանի վրա արտահայտվել է ծխողների և պասիվ ծխողների տոկոսային համակցությունը։ Արդյունքում ստեղծվել է հասարակական վայրերում ծխելն արգելող այս նշանը։ Լինել պասիվ ծխող, թե ակտիվ չծխող` որոշումը ձերն է։ 

Այս պատկերանշանն անցած տարվա նոյեմբերին կայացած Երևանի արտաքին գովազդի փառատոնում արժանացել է մրցանակի` բարձր գնահատական ստանալով միջազգային փորձագետների կողմից։ Հեղինակները պատրաստվում են պատկերանշանը ներկայացնել մի շարք գովազդային հեղինակավոր փառատոների։

Placeholder
Ծխելու դեմ պայքարն ունի պատկերանշան