Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը՝ հանդիպել մտավորականության հետ, ճիշտ քայլ էր. Էդվարդ Միլիտոնյան
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը՝ հանդիպել և զրուցել մտավորականության հետ, ճիշտ քայլ էր: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ միաժամանակ տեղեկացրեց, որ իրենք Արմեն Սարգսյանի հետ դեռևս չեն հանդիպել, սակայն տեղյակ են, որ առաջիկայում հանդիպում տեղի է ունենալու:
«Բնականաբար, այս հանդիպումները նաև նրա մոտեցումները պարզելու, ներկայացնելու հնարավորություն էին ստեղծում: Հայաստանում անհրաժեշտ է միմյանց հասկանալ, համաձայնության գալ: Տարածաշրջանային վտանգավոր փոփոխությունների ընթացքում մենք պետք լինենք ներքուստ ամուր, հասկանանք առկա մարտահրավերները: Լինելով պատերազմական վիճակում գտնվող երկիր՝ մենք չպետք է թույլ տանք, որ առկա խնդիրներն անվերջ առճակատման հասնեն»,- ասաց նա:
Էդվարդ Միլիտոնյանի խոսքով, Արմեն Սարգսյանը հսկայական փորձ ունի և մտավորականների հետ հանդիպումներում փորձում էր իր մոտեցումները ներկայացնել ամենատարբեր խնդիրների շուրջ:
Անդրադառնալով մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի՝ ՀՀ նախագահի խորհրդական նշանակվելու փաստին, Գրողների միության նախագահը շնորհավորեց վերջինիս, սակայն չշտապեց գնահատական հնչեցնել: