Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մութալիբովը պատճառ ուներ հերքելու իր նախկին հարցազրույցը Խոջալուի մասին
ՀՀ խորհրդարանում շուտով կընդունեն «Հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ» նախագիծ, որտեղ հիմնավորումներում մի քանի անգամ հնչում է «Ցեղասպանություն» բառը, սակայն որևէ անգամ չի հնչում «փախստական» բառը, իսկ արդեն դատապարտման մեջ «ցեղասպանություն» բառը չկա: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը: Նրա գնահատմամբ՝ սա մեր քաղաքական դաշտում հերթական հետընթաց-պարտությունն է, սա իրավիճակ է, որը ոչ թե երկիրը փակուղուց հանում, այլ խորացնում է այս ճգնաժամը:
«Մենք խոսում ենք ականատեսների, խոսում ենք ինչ-որ իրադարձությունների մասին, ադրբեջանցի ականատեսների, բայց ոչ մի խոսք չկա ողջ մնացածների՝ փախստականների մասին»,- ասաց նա: Ավագյանը նաև նշեց՝ աբսուրդ է այն, որ Չիրագովները հայց են ներկայացնում ընդդեմ Հայաստանի: Նրա խոսքով՝ ցեղասպան Ադրբեջանի վզին պետք է դնել թե Չիրագովների, թե Սարգսյանների վնասների փոխհատուցումը:
«Ես youtube-ում հայտնաբերել եմ Այազ Մութալիբովի հարցազրույցը, նա խոսում է այն մասին, որ Բաքվում 88 թվի նախօրեին ապրում էին 500 000 հայեր: Գիտեք, նրա խոսքը ուժգին էր մեզ համար: Այազ Մութալիբովը հուշում է, որ մենք ճշգրտում մտցնենք 660 հազար հայերի թվում: Մենք ելնում էինք այն բանից, որ 1979թ. Բաքվում ապրում էին մոտ 227 հազար հայեր, ուրեմն՝ նախօրեին մոտ 300 հազար պետք է ապրեին, բայց՝ ոչ, 500 հազար են ապրել, այսինքն՝ մենք այսօրվանից խոսելու ենք ոչ թե 660 հազար, այլ 860 հազար փախստական հայերի իրավունքներից»,- ասաց նա:
Ավագյանն անդրադարձավ նաև Խոջալուի՝ ադրբեջանական քարոզչական դաշտում ակտիվորեն շրջանառվող դեպքերին: Նա նշեց, որ Ադրբեջանը այն կարողանում է ակտիվորեն օգտագործել ընդդեմ հայության, բայց կան Մութալիբովի հարցազրույցները այդ դեպքերից անմիջապես հետո՝ չեխ լրագրողին, Ադրբեջանցի լրագրողի՝ Չինգիզի հայտարարությունները, ֆիլմը, որից հետո նա ուղղակի սպանվեց: Իբրև կենտրոնացված ռազմական կենտրոն՝ Խոջալուում նաև օդանավակայանն էր, և նրանք անընդհատ Ստեփանակերտը ռմբակոծում էին:
«Նրանք որոշել էին Ասկերանով գալ, հարձակվել Ստեփանակերտի վրա, որը օր առաջ կասեցվեց հայ զինվորների կողմից: Մութալիբովը վկայում էր, որ այդ օրերին մարդասիրական միջանցք էր տրամադրվել, որպեսզի խաղաղ բնակչությունը գնար դեպի Աղդամ, որ այն ժամանակ դեռևս ադրբեջանցիների վերահսկողության ներքո էր: Այստեղ ի՞նչ է կատարվել. դա է խնդիրը: Մութալիբովը այն ժամանակ իր հարցազրույցներում պնդում էր, որ անհնար էր՝ դա հայերը անեին, միանշանակ Աղդամում տեղակայված այդ ադրբեջանական գուցե վարձկանները կարող էին լինել: Ինքը դա էլ է վկայում, որ Ադրբեջանում վխտում էին վարձկանները, որոնք Ադրբեջանի քաղաքացի չէին և խիստ դժվար կառավարելի էին, այսինքն՝ երևի այդ վարձկանները տեսել են, որ մի խումբ մարդիկ են գնում դեպի Աղդամ և կրակ են բացել դրանց վրա»,- նշեց Ավագյանը:
Նրա խոսքով՝ այն, որ Մութալիբովը հերքում է իր նախկին հարցազրույցը, պատահական չէ. եթե նա ելնի այն փաստից, որ Խոջալուից Աղդամ գնացող ադրբեջանցիներին կամ թուրք մեսխեթցիներին հենց իրենք էլ սպանել են, այսօր ինչպե՞ս կարող է նա հիմնավորել, թե ինչու պետք է հարձակվել ու տարածքներ հետ բերել: Ավագյանը նշեց, որ իրեն զարմացնում է նաև մի բան՝ ազատատենչ քուրդ ժողովուրդը ինչպե՞ս է կուլ տվել այն փաստը, որ 50 տարվա ընթացքում 40 000 քուրդ բնակիչներից հետք չի մնացել անգամ: «1926 թ. ադրբեջանական ԽՍՀ տարածքում ապրում էր 41 000 քուրդ, 1959 թ.՝ 1,5 հազար, 1976 թ. «քուրդ» բառը ադրբեջանական ԽՍՀ տարածքում չկար: Ինչպե՞ս է, որ քուրդ ժողովուրդը չի խոսում այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունը օրը ցերեկով տանում է ասիմիլյացիա»,- ասաց նա: