Հայ-իրանական համագործակցության զարգացմանը ոչինչ չի խանգարում. Աշոտ Մանուկյան
Տնտեսություն
12:40 27/02/2018
Հայաստան

Հայ-իրանական համագործակցության զարգացմանը ոչինչ չի խանգարում. Աշոտ Մանուկյան

Հայ-իրանական համագործակցության զարգացմանը ոչինչ չի խանգարում: Այս մասին այսօր՝ Երևանում անցկացվող հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե մշտապես խոսվում է հայ-իրանական գործակցության  մասին, բայց այն ամբողջությամբ չի իրացվում, ի՞նչն է խանգարում առավել լայն թափով գործակցություն ծավալելու համար:

Ըստ նախարարի՝   թեև Հայաստանի պոտենցիալն ամբողջությամբ չի օգտագործվում, սակայն միջկառավարական հանձնաժողովի նիստերը, ինչպես նաև բարձր մակարդակի հանդիպումները նպաստում են, որպեսզի գոյություն ունեցող  խնդիրները լուծվեն:  «Ես որևէ խնդիր մեր համագործակցության զարգացման  ճանապարհին չեմ տեսնում», - ասաց նախարարը:

Անդրադառնալով գործարարների կողմից բարձրացված խնդիրներին, մասնավորապես՝ օրենսդրության տարբերություններին, ինչը համագործակցության հիմնական խոչընդոտներից է, Աշոտ Մանուկյանը նշեց,  որ 2017 թվականի դեկտեմբերին Մեղրիում բացվել է ազատ տնտեսական գոտին, Իրանում էլ գործում է «Արազ» ազատ տնտեսական գոտին, և վստահություն հայտնեց, որ երկու ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցությունը կնպաստի այն օրենսդրական տարբերությունների համահարթեցմանը, որոնք առկա են:

«Իհարկե օրենսդրությունը մեր երկրներում տարբեր են, իհարկե դրանք կարող են ունենալ տարբեր մեկնաբանություններ, դրանք կարող են տարբեր իրողություններ ստեղծել,  բայց երկու ազատ տնտեսական գոտիները կլուծեն նման խնդիրները»,- ընդգծեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:


 

Placeholder
Հայ-իրանական համագործակցության զարգացմանը ոչինչ չի խանգարում. Աշոտ Մանուկյան