Հայաստանը պատուհան է դեպի ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկա. Ռեզա Արդաքանիան
Տնտեսություն
14:12 27/02/2018
Հայաստան

Հայաստանը պատուհան է դեպի ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկա. Ռեզա Արդաքանիան

Իրանը Հայաստանին դիտարկում է որպես պատուհան՝ Եվրասիական տնտեսական միության 180 մլն-անոց շուկա դուրս գալու համար: Այս մասին Երևանում այսօր կազմակերպված  հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ հայտարարեց Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը։

Նրա խոսքով՝ Իրանի քաղաքականությունը  հիմնված է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաև աշխարհի տարբեր երկրների հետ հարաբերությունների  զարգացման վրա:  «Անշուշտ, Հայաստանի և Իրանի միջև քաղաքական հարաբերությունները կարող են նպաստել տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների բարելավմանը»,- նշեց նախարարը:

Ռեզա Արդաքանիանը միաժամանակ ասաց, որ թեև հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, այդուհանդերձ, երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու համար կա ավելի մեծ պոտենցիալ և ներուժ, որը լավագույնս չի օգտագործվում:

«Որպես միջկառավարական հանձնաժողովի նախագահներ՝ մեծ պարտականություն է դրված մեր ուսերին, որպեսզի կարողանանք լավագույնս օգտագործել այդ ներուժը»,- դիմելով ՀՀ էնգերտիկայի և բնական պաշարներին նախարարին՝ ասաց Ռեզա Արդաքանիանը:

Նրա խոսքով՝ այն օրվանից, երբ Իրանի էներգետիկայի նախարարությունը ստանձնել է միջկառավարական հանձնաժողովի ղեկավարությունը՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքական և աշխարհագրական դիրքը, կարևորել է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման,  Հայաստան արտահանվող գազի ծավալների ավելացման հարցը, Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախագծի իրագործումը, առողջապահության ոլորտում համագործակցությունը և այլն:

Ռեզա Արդաքանիանը նշեց նաև, որ պետք է աջակցեն, որպեսզի զարգանա մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, ինչպես նաև նպաստեն երկու երկրների միջև գոյություն ունեցող ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության ընդլայնմանը:

«Բարենպաստ պայմաններ են ստեղծված երկու երկրների  միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու  համար: Կարծում եմ, որ երկու երկրների մասնավոր հատվածները այդ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ կարող են հանդես գալ որպես առաջնորդ»,- ասաց  Ռեզա Արդաքանիանը:

Placeholder
Հայաստանը պատուհան է դեպի ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկա. Ռեզա Արդաքանիան