Չինական կողմի հետ քննարկվել է Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը
Տնտեսություն
14:12 05/03/2018
Հայաստան

Չինական կողմի հետ քննարկվել է Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը

Չինաստանի քաղաքացիական ինժեներաշինարարական կորպորացիան  հետաքրքրված է Հայաստան-Իրան երկաթգծի նախագծման աշխատանքներով և կառուցմամբ: Այս մասին հայտնել է կորպորացիայի Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Ցզյան Այմինը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ:

Նախարարության փոխանցմամբ, Ցզյան Այմինը նշել է, որ Չինաստանի առևտրի նախարարությունում կքննարկվի ծրագիրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում ներառելու հնարավորությունը:

Նախարարը ընդգծել է, որ Հայաստանի համար երկաթուղու կառուցման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի և պատրաստակամություն է հայտնել  հարցը քննարկելու Չինաստանի առևտրի նախարարության հետ:

Ցզյան Այմինն իր հերթին հավելել է, որ քննարկումների դրական ընթացքի ավարտից հետո պատրաստ կլինեն կատարել ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը:

Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա անելիքների ժամանակացույցի շուրջ:

Placeholder
Չինական կողմի հետ քննարկվել է Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը