Հայաստանը կարևորում է տարածաշրջանների միջև ճանապարհային փոխկապակցվածությունը. Վահան Մարտիրոսյան
Տնտեսություն
13:15 06/03/2018
Հայաստան

Հայաստանը կարևորում է տարածաշրջանների միջև ճանապարհային փոխկապակցվածությունը. Վահան Մարտիրոսյան

Երևանում այսօր տեղի ունեցավ «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին  ՏՐԱՍԵԿԱ-ի անդամ-պետությունների,  միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նիստի բացմանը նշեց, որ Հայաստանը ՏՐԱՍԵԿԱ ծրագրին անդամակցում է նրա ստեղծման օրվանից՝ արդեն 25 տարի: Այդ ընթացքում իրականացվել են տեխնիկական աջակցության և ներդրումային բազմաթիվ ծրագրեր:

«Հավատարիմ լինելով ՏՐԱՍԵԿԱ-ի որդեգրած սկզբունքներին՝ Հայաստանը չափազանց կարևորում է տարածաշրջանների միջև ճանապարհային փոխկապակցվածությունը»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի վարած տնտեսական քաղաքականությունից ևս ակնառու է, որ ճանապարհաշինական և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը մեր քաղաքականության լոկոմոտիվներից են: Դրանք, ըստ նրա, տարեցտարի շատանում և ընդլայնվում են:

Վահան Մարտիրոսյանը նշեց, որ տրանսպորտային ենթակառուցվածքների շարունակաբար բարելավման ծրագրերից խոշորագույնը «Հյուսիս-հարավ միջանցքի» շինարարությունն է, որը ներկայում բարեհաջող շարունակվում է գործընկերների աջակցությամբ: Նախարարը տրանսպորտային հաղորդակցության տեսանկյունից կարևորեց  նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի արդեն մեկնարկած հիմնանորոգման և կենսական նշանակության բարելավման մյուս ծրագրերը:

Նրա խոսքով՝  հետագա առաջնահերթություններից պետք է լինեն նաև տարածաշրջանում  ճանապարհային անվտանգության ապահովումը, ճանապարհների և ծառայությունների թվայնացումը, ինչպես նաև անցակետերի արդիականացումն ու համապատասխանեցումը ժամանակակից նորագույն չափորոշիչներին:

«Մենք հավատում ենք, որ միայն զարգացած ճանապարհային ենթակառուցվածքների, բաց սահմանների, ազատ առևտրի և ներդրումների  պայմաններում է հնարավոր խթանել թե տնտեսությունների զարգացումը, թե աշխատատեղերի ստեղծումն ու մարդկանց կենսամակարդակի բարձրացումը տարածաշրջանային մակարդակով»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը հույս հայտնեց, որ Հանձնաժողովի նիստի աշխատանքային օրերի ընթացքում շատ արդյունավետ քննարկումներ կլինեն, կհաջողվի միասնական ուժերով ամբողջացնել և հաստատել օրակարգում ընդգրկված բոլոր ծրագրերը: Մասնավորապես, «ՏՐԱՍԵԿԱ»- մաստեր պլանի և Միջկառավարական հանձնաժողովի՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ռազմավարության իրականացմանն ուղղված գործողությունների 2016-2026թթ. ծրագիրը, ինչպես նաև հանձնաժողովի բնականոն և արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ մի շարք այլ կարևոր հարցեր:

Նշենք, որ «ՏՐԱՍԵԿԱ»` Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի ծրագիրը հաստատվել է 1993թ. մայիսին` Բրյուսելում կայացած կոնֆերանսում, որին մասնակցել են Կենտրոնական Ասիայի հինգ և Անդրկովկասի երեք հանրապետությունների տրանսպորտի և առևտրի նախարարները:

Կոնֆերանսի ժամանակ Եվրամիությունը հավաստել է, որ տեխնիկական աջակցություն կցուցաբերի Սև ծովից Կովկասով և Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա ձգվող տրանսպորտային առանցքի զարգացմանը: «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի մասնակից են 13 երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Մոլդովա, Ուկրաինա, Բուլղարիա, Ռումինիա, Թուրքիա, Մոնղոլիա, Ղրղզստան:

Placeholder
Հայաստանը կարևորում է տարածաշրջանների միջև ճանապարհային փոխկապակցվածությունը. Վահան Մարտիրոսյան