Վարչապետ. Երևան-Լիոն ուղղիղ չվերթի գործարկումը լայն հնարավորություններ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար
Քաղաքական
19:19 06/03/2018
Հայաստան

Վարչապետ. Երևան-Լիոն ուղղիղ չվերթի գործարկումը լայն հնարավորություններ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին:

Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և կարևորել դրանց հետագա զարգացումը տարբեր ոլորտներում: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների կարևոր բաղադրիչներից մեկն ապակենտրոնացված մակարդակով համագոր¬ծակցությունն է:

«Հուսով եմ՝ այս օրերին առիթ ունեցել եք ավելի լավ ծանոթանալու Հայաստանում ներդրումներ անելու առավելություններին: Ֆրանսիական, այդ թվում՝ Լիոնի ընկերությունները, կարող են օգտվել մեր երկրում ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրից, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի և Իրանի հետ ունեցած արտոնյալ ռեժիմներից»,- ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ Լիոնի բիզնեսը կմասնակցի աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք գործարար համաժողովին:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գործադիրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ապրիլի 19-ից Երևան-Լիոն ուղղիղ չվերթի գործարկումը լայն հնարավորություններ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար: 

Ժորժ Կեպենեկյանը վարչապետին է ներկայացրել Երևանի հետ համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները:

«Մենք պատրաստ ենք երկու քաղաքների միջև բացել համագործակցության նոր՝ առարկայական ու պրագմատիկ էջ»,- ընդգծել է Ժորժ Կեպենեկյանը՝ ավելացնելով, որ այցի ընթացքում քննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության 2018-2020 թվականների ծրագիրը, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության, կրթության, նորարարության և այլ ոլորտներում:

Placeholder
Վարչապետ. Երևան-Լիոն ուղղիղ չվերթի գործարկումը լայն հնարավորություններ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար