«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրինագիծն ընդունվեց միաձայն
Տնտեսություն
12:54 07/03/2018
Հայաստան

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրինագիծն ընդունվեց միաձայն

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր նիստի մեկնարկին գրանցված 92 պատգամավորներին հորդորեց մնալ ԱԺ-ում ու մասնակցել քվեարկությանը:

Հիշեցնենք, որ երեկ մի քանի նախագծերի քննարկումն անցավ գրեթե դատարկ դահլիճում:

Այսօր ԱԺ-ն շարունակեց քննարկել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:  

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ տնտեսական մրցակցության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են տեսնում, կաստելային համաձայնությունների դեմ պայքարի այն ձևերը, որոնք կան գործող օրենքում և առաջարկվող նախագծում, բավարար չեն: Ասաց՝ հետազոտությունների արդյունքում են նման եզրահանգման եկել: Նա առաջարկեց՝ ՏՄՊՊՀ-ին օժտել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հնարավորությամբ:

«Կարծում եմ, սա ավելի արդյունավետ է, քան այն եղանակը, որն իրականացվում է: Շաբոյանն էլ ասաց, որ անուղղակի ապացույցներով են շատ բան պարզում: Ապացույցները պետք է լինեն ուղղակի»,-ասաց Զեյնալյանը:

Նույն խմբակցությունից Մանե Թանդիլյանն էլ նկատեց, որ կարևորագույն նախագիծ է քննարկվում, պետք է մեծ ուշադրություն դարձնել առկա ձևակերպումներին: Նա ուշադրություն հրավիրեց գերիշխող դիրք ունեցողի չարաշահմամբ գերշահույթ ստանալու դեպքում պետբյուջե գանձվող գումարի չափին: Առաջարկվում է բյուջե վերադարձնել տնտեսվարողի ունեցած շահույթի 10 տոկոսը, պատգամավորն առաջարկում է չարաշահմամբ ստացած ողջ գերշահույթը:



ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը կարևորեց, որ նախագծով իրենց տեսադաշտ են բերում պետական պաշտոնյաների հակամրցակցային գործունեությունը: Բացի այդ, նախագծում նոր սահմանումներ են մտցրել՝ գների չհիմնավորված բարձրացում, նվազեցում, խտրական պայմանների կիրառում և այլն:

«Բացի այդ, մրցակցության ոլորտում նոր իրավախախտումներ են առաջացել»,-ասաց Շաբոյանն ու ավելացրեց, որ նախագծով ընդլայնվում է հանձնաժողովի գործիքակազմը, դա հնարավորություն կտա ավելի արդյունավետ գործել, բարելավել մրցակցային պայմանները:

Շաբոյանը շնորհակալություն հայտնեց առաջարկությունների համար, ասաց՝ կքննարկեն հանձնաժողովում:

Քվեարկությունից առաջ ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն առաջարկություններ ներկայացրեց,  «Ելք» խմբակցությունից Արամ Սարգսյանն ասաց, որ միանում են այդ առաջարկություններին, հիմա կողմ են քվեարկում, եթե 2-րդ և 3-րդ ընթերցման ժամանակ չընդունվեն իրենց առաջարկությունները, ապա դեմ կքվեարկեն:

Քվեարկության արդյունքում առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց միաձայն՝ 93 պատգամավոր կողմ էր քվեարկել:

Placeholder
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրինագիծն ընդունվեց միաձայն