Սեյրան Նիկողոսյան. Մեր լավագույն հրաձիգներից մի քանիսը լճացման շրջանում են
Սպորտ
14:52 13/03/2018
Հայաստան

Սեյրան Նիկողոսյան. Մեր լավագույն հրաձիգներից մի քանիսը լճացման շրջանում են

Նախորդ շաբաթ Երևանում կայացել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է առաջնության արդյունքները.

«Օդամղիչ հրացան ու օդամղիչ ատրճանակ վարժություններում մեծահասակների ցուցադրած արդյունքներից գոհ չեմ: Շատերի մոտ լճացում եմ նկատում՝ Հրաչիկ Բաբայանը, Զավեն Իգիթյանը…: Նրանք տաղանդավոր մարզիկներ են, պարզապես հոգեբանական խնդիր կա: Մարզիչներով քննարկել ենք բոլոր հարցերը, փորձել ենք գտնել լուծումներ եւ հետագա աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպել: Պատանիներից ու երիտասարդներից գոհ եմ, բարձր արդյունքներ ցուցադրեցին»,- ասել է Սեյրան Նիկողոսյանը:

Հրաձիգներն այժմ պատրաստվում են Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարին, ապա կմեկնեն Գերմանիա՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը.

«Դեռ չենք որոշել՝ ովքեր հանդես կգան Գերմանիայում: Գուցե մի քանի մարզիկներ, որոնց հետ հույսեր ենք կապում, չմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը: Ավելի լավ է հնարավորություն տանք երիտասարդներին, քան լճացած մարզիկներին»,- նշել է մարզիչը:

Այս տարին հրաձիգների համար հագեցած է ու կարևոր. աշխարհի առաջնություն, Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղեր…

«Աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար դեռ շատ ժամանակ ունենք: Տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցեն ամենաուժեղ հրաձիգները, քանի որ խաղարկվելու են Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշեր:

Ինչպես գիտեք, պատանեկան օլիմպիական խաղերի մեկ ուղեգիր ունենք, որը նվաճել է Հայկ Բաբայանը: Նա շատ լավ մարզավիճակում է: Համոզված եմ՝ Հայկը եզրափակիչ կանցնի:

Աղջիկներից Ալլա Պողոսյանին Եվրոպայի առաջնությունում չհաջողվեց անցնել եզրափակիչ ու պայքարել օլիմպիական ուղեգրի համար: Նա հավասար միավորներ ուներ 8-րդ տեղը զբաղեցրած մարզիկի հետ: Դիմել ենք սպիտակ քարտ ստանալու համար»,- եզրափակել է Սեյրան Նիկողոսյանը:

 

Placeholder
Սեյրան Նիկողոսյան. Մեր լավագույն հրաձիգներից մի քանիսը լճացման շրջանում են