Արմավիրում ջայլամ են բուծում
Տնտեսություն
13:00 19/03/2018
Հայաստան

Արմավիրում ջայլամ են բուծում

Արմավիրի մարզի Փշատավան համայնքում հիմնվել է ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն: Գյուղ այցելած վարչապետին տեղեկացրել են, որ տնտեսությունում 2008 թվականից իրականացված ներդրումների արդյունքում ջայլամների թիվը հասցվել է շուրջ 500-ի:

Նախորդ տարեվերջից սկսած՝ մեկնարկել է բաստուրմայի, սուջուխի և ղաուրմայի արտադրությունը: Առայժմ ողջ արտադրանքն իրացվում է միայն հայկական շուկայում, սակայն նախատեսվում են քայլեր իրականացնել նաև արտահանման ուղղությամբ:

Կարեն Կարապետյանը ողջունել է Հայաստանում ջայլամաբուծության զարգացումն ու առաջարկել է փոխգործակցել «Գործարար Հայաստան»  հիմնադրամի (Հայաստանի զարգացման հիմնադրամ) հետ՝ արտահանումը խթանելու նպատակով:   

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Կարեն Կարապետյանը եղել է նաև Արտամեդ համայնքում: Այստեղ իրանահայ ներդրողների կողմից իրականացվում է պիստակի այգիների հիմնման խոշոր ծրագիր:

Կարեն Կարապետյանին տեղեկացրել են, որ 10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով Արմավիրի մարզում հիմնվելու է 590 հեկտար պիստակի այգի՝ կաթիլային ոռոգման համակարգով: Տնկիների մշակման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: Նախատեսվում է արտադրված պիստակի ողջ ծավալն արտահանել տարբեր շուկաներ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցություն ցուցաբերել ներդրումային ծրագրի իրականացմանն ու արտահանման կազմակերպմանը:
 
Վարչապետը եղել է նաև Սարդարապատ համայնքում գործող Voskeni wines գինեգործական ընկերությունում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու ծրագրերին: Ընկերությունն արտադրությունն իրականացնում է Գերմանիայից ներկրված ժամանակակից սարքավորումներով: Խաղողի մթերման նպատակով պայմանագրեր են կնքվել ոչ միայն Արմավիրի մարզի, այլ նաև Վայոց ձորի խաղողագործների հետ:

Բացի այդ, ընկերությունը նախատեսում է ընդլայնել խաղողի սեփական այգիները ոռոգման կաթիլային համակարգերով: Բացի գինիների տեսակների ընդլայնումից՝ ծրագրվում է ավելացնել նաև արտահանման ծավալները: Այժմ արտադրանքն իրացվում է Հայաստանում, Ռուսաստանում, Նիդեռլանդներում: Քայլեր են իրականացվում եվրոպական նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ:

Placeholder
Արմավիրում ջայլամ են բուծում