Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Շահրիյար Մամեդյարովի հետ
Սպորտ
13:21 21/03/2018
Հայաստան

Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Շահրիյար Մամեդյարովի հետ

Հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Շահրիյար Մամեդյարովի հետ: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հաշտությամբ է ավարտվել նաև Ուեսլի Սո – Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան: Մրցաշարի միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանան լավ հնարավորություն է ունեցել հաղթելու Դին Լիժենին, սակայն մի քանի անգամ չի գտել հաղթանակի տանող ուղիները, և արդյունքում պարտիան ավարտվել է հաշտությամբ: Նախորդ հավակնորդների մրցաշարի հաղթող Սերգեյ Կարյակինը վստահ հաղթանակ է տոնել Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ:

9-րդ տուրից հետո Կարուանան 6 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: 5.5 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Ալեքսանդր Գրիշչուկը 5 միավորով 3-րդ տեղում է: Սերգեյ Կարյակինը և Դին Լիժենը 4.5-ական միավորով կիսում են 4-5-րդ հորիզոնականները, իսկ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը և Ուեսլի Սոն 3.5-ական միավորով կիսում են 6-8-րդ հորիզոնականները:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է:

10-րդ տուրի զույգեր.
Ալեքսանդր Գրիշչուկ – Սերգեյ Կարյակին
Վլադիմիր Կրամնիկ – Լևոն Արոնյան
Շահրիյար Մամեդյարով – Ֆաբիանո Կարուանա
Դին Լիժեն – Ուեսլի Սո
 

Placeholder
Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Շահրիյար Մամեդյարովի հետ