Հունիսի 1-ից կկանգնեցվի  ԱԷԿ-ի  ռեակտորը
Տնտեսություն
16:34 29/03/2018
Հայաստան

Հունիսի 1-ից կկանգնեցվի ԱԷԿ-ի ռեակտորը

Նախապատրաստվել է ՀԱԷԿ-ի պլանային-նախազգուշական վերանորոգման ծրագիրը, որը կմեկնարկի 2018 թվականի հունիսից: Այս մասին հայտարարվել է  հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում այսօր տեղի ունեցած հայ-ռուսական  hամատեղ համակարգող հանձնախմբի 6-րդ նիստում:

Նիստին մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Կարեն Ղահրամանյանը և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի  տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովը գլխավորությամբ։

«Ապրիլի 14-ին կկանգնեցվի թիվ 4 տուրբոագրեգատը, կփոխարինվեն կոնդենսատորը և զատիչ-շոգեգերտաքացուցիչը: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը, թիվ 3 տուրբոագրեգատը, կարդիականացվի թիվ 3 տուրբինը, կփոխարինվեն  բարձր ճնշման գլանը, ցածր ճնշման գլանի ռոտորը և զատիչ-շոգեգերտաքացուցիչը, ինչպես նաև  թիվ 3 տուրբոագրեգատի գեներատորը և գլխավոր տրանսֆորմատորը: Նախատեսվում է 2018 թ. ավարտել թիվ 1 հովացման  աշտարակի արդիականացման աշխատանքները»,-մանրամասնում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից:

Կողմերն ընդգծել են կայանի մեքենայական սրահի արդիականացման աշխատանքների ընթացքի արդյունավետությունը, մասնավորապես նշվել է, որ արդեն կայան են մատակարարվել տուրբինները, տուրբոգեներատորները, բլոկային տրանսֆորմատորները և կոնդենսատորի մոդուլները: Արդիականացվել են վերանորոգման համար նախատեսված մեքենայական սրահի կռունկները:

Նախատեսվում է, որ 2018թ.  հունիս-հուլիս ամիսներին կայանում  կաշխատեն կապալառու կազմակերպությունների  մոտ 600 աշխատակիցներ:

 

Placeholder
Հունիսի 1-ից կկանգնեցվի ԱԷԿ-ի ռեակտորը