Վանաձորում կառուցվում է կարկտապաշտպան ցանցերի գործարան
Տնտեսություն
16:25 29/03/2018
Հայաստան

Վանաձորում կառուցվում է կարկտապաշտպան ցանցերի գործարան

«CARMAC Group» իտալական «Վաբա» ՍՊԸ-ի հետ համատեղ շուտով Հայաստանում կհիմնի կարկտապաշտպան ցանցերի գործարան: Այս մասին հայտարարել են իտալական ընկերության ներկայացուցիչները՝ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ Վանաձորի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը ներկա էր նաև Լոռու մարզից ընտրված ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այնուհետև նախարարն այցելել է շինհրապարակ, որտեղ ընթանում են գործարանի կառուցման աշխատանքները:
«Վաբա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Ղարաջյանը նշել է, որ կարկտապաշտպան ցանցերի արտադրությունն ընթանալու է փուլային տարբերակով, բոլոր սարքավորումները և հումքի մի մասը ներկրվելու է Իտալիայից: Արմեն Ղարաջյանի կարծիքով` իրենց արտադրանքը մրցունակ կլինի և տեղական շուկայում կունենա պահանջարկ, քանի որ հիմնական հարակից դետալները պատրաստվելու են տեղում և ցանցերի գինը համեմատաբար մատչելի է լինելու, ցանցերի օգտագործման ժամկետը կկազմի առնվազն 10-15 տարի:

«CARMAC Group» ընկերության գործադիր տնօրեն Անդրեա Կարապետյանը վստահություն է հայտնել, որ այս նախագծի իրականացումը կնպաստի մարզի գյուղացիական տնտեսությունների սոցիալական պայմանների բարելավմանը, քանի որ թույլ կտա պաշտպանել իրենց բերքը բնական աղետներից: Նրա խոսքով` բացի տեղական շուկայում իրացումից, ընկերությունը հետագայում քայլեր կձեռնարկի արտահանման ուղղությամբ:

«Ի սկզբանե մեր նպատակն էր մատչելի գնով կարկտապաշտպան ցանցեր առաջարկել մեր ֆերմերներին: Ծրագրի մասին հայտարարել ենք, եկել է ներդրողը և շատ մեծ հավանականությամբ մինչև տարեվերջ կունենանք կարկտապաշտպան ցանցերի հայկական արտադրանք»,-նշել է նախարար Առաքելյանը:

Նախարարի խոսքով` նախատեսվում է երեք տեսակի ցանց արտադրել` խաղողի այգիների, ինտեսիվ, ինչպես նաև ավանդական այգիների համար, որոնց դեպքում այն ավելի մատչելի կլինի, քանի որ երկաթբետոնյա սյուներ չեն կիրառվում:

Անդրադառնալով կարկտապաշտպան ցանցերի գործարանի կառուցմանը` մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդգծել է, որ եզակի հնարավորություն է ստեղծվում այգեգործների համար արդյունավետ պաշտպանել իրենց այգիները:

 

 

Placeholder
Վանաձորում կառուցվում է կարկտապաշտպան ցանցերի գործարան