Ավտովարորդները բողոքի ակցիա են իրականացնում
Տնտեսություն
16:44 29/03/2018
Հայաստան

Ավտովարորդները բողոքի ակցիա են իրականացնում

Կառավարության առջև այսօր բողոքի ակցիայի էին դուրս եկել ավտովարորդները։ Նրանք ցանկանում էին հանդիպել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին։ Վարորդներն ակցիան իրականացնում էին՝ ընդդեմ ոլորտում տիրող իրավիճակի։

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ այս ոլորտում պլանավորված բիզնես-ցեղասպանություն է իրականացվում, նպատակադրված փորձում են հակակրանք առաջացնել տաքսու վարորդների նկատմամբ։

«Երկու տարի է՝ Կարեն Կարապետյանին խնդրում ենք մեզ հետ հանդիպել, մեկ շաբաթ առաջ հեռագիր ենք ուղարկել, չի պատասխանում։ Բարով գնաս, Կարեն Կարապետյան, բայց պիտի պատասխան տաս այս ամեն ինչի համար, որովհետև ԱՊՊԱ-ն՝ թանկ, լիցենզավորման գումարները կուտակվել են, տեսախցիկների հնգապատիկ փողերը կուտակվել են, քաղաքապետարանը ինչ-որ զարթնել է, սաղ փող են ուզում, սաղ թալանում են էս ոլորտը»,- ասաց նա։

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին խնդրում էին ազատել երթևեկելի հատվածը, սակայն վարորդները պատասխանում էին, որ դա կանեն միայն նախարարի հետ հանդիպելուց հետո։

Վարորդներին Կառավարության ընդունարանում հանդիպման հրավիրեց Կառավարության դիմում-բողոքների և նամակների բաժնի պետ Ալիկ Ղազարյանը, ով լրագրողներին արգելեց ներկա լինել այդ հանդիպում-քննարկմանը։ 

Հանդիպման ավարտից հետո պարզ դարձավ՝ Ղազարյանը վարորդներին առաջարկել է գրավոր՝ կետ առ կետ նշել խնդիրները, դիմումը հանձնել իրեն և հետո հենց իրենից ստանալ մանրամասն պատասխաններ՝ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։

Placeholder
Ավտովարորդները բողոքի ակցիա են իրականացնում