Ընդլայնվում են Արցախի պետհամալսարանի միջազգային համագործակցության շրջանակները
Կրթություն, գիտություն
18:49 03/04/2018
ԼՂՀ

Ընդլայնվում են Արցախի պետհամալսարանի միջազգային համագործակցության շրջանակները

Արցախի պետական համալսարանի գործընկեր բուհերի թիվը հասել է գրեթե երեք տասնյակի: Համալսարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օրերս գործընկեր բուհերի թիվը համալրվեց ևս մեկով: 

Մարտի 26-ին համագործակցության հուշագիր է կնքվել Արցախի պետական և Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանների միջև, որի նպատակն է խթանել բուհերի համագործակցությունը, զարգացնել երկու համալսարանների միջև գիտական ու կրթական շփումները, իրականացնել ակադեմիական փոխանակման ծրագրեր ուսանողների և դասախոսական կազմի համար, համագործակցել հայագիտության բնագավառում:

Երկու բուհերի միջև համագործակցությունն ակտիվացել և պայմանագիրը ստորագրվել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի աջակցությամբ:

«Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հետ համագործակցության հուշագրի կնքումը կարևոր իրադարձություն է Արցախի պետական համալսարանի կյանքում: Սա այն համագործակցություններից է, երբ գործնական քայլերն սկսվել են դեռևս մինչև հուշագրի պաշտոնական կնքումը: Վստահ ենք, որ  մեր համագործակցությունը հուշագրի ստորագրումից հետո կտեղափոխվի ավելի ակտիվ, իրավական և գործնական հարթություն»,- նշել է ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը և խոսել համագործակցության շրջանակներում կատարված գործուն քայլերից` առանձնացնելով հատկապես ուսանողների փոխանակման ծրագրով ԱրՊՀ երկու  ուսանողների ուսումնառության իրողությունը Պիտեր Պազմանի համալսարանում:

Ըստ համաձայնագրի` բացի  հայագիտությանը վերաբերող կրթական և հետազոտական գործունեության իրականացումից, գործընկեր բուհերը կարող են նպաստել նաև  այլ բաժինների, հաստատությունների, ֆակուլտետների և հետազոտական կենտրոնների համագործակցությանը:

Placeholder