ԱԳՆ խոսնակ. Բաքուն շարունակում է մերժել  համանախագահների  առաջարկները
Քաղաքական
11:09 03/04/2018
Հայաստան

ԱԳՆ խոսնակ. Բաքուն շարունակում է մերժել համանախագահների առաջարկները

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է  «Արմենպրես» գործակալության հարցին:

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ արված հայտարարությունը։

Պատասխան. Ձեր նշած հայտարարությունն ակնհայտորեն նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը երկու տարի առաջ այս օրն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայից, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով՝ դպրոցի բակում երեխայի սպանությամբ, ԴԱԷՇ-ի ոճով գլխատումներով, դիակների խեղումներով, իրենց տան մեջ տարեցների խոշտանգմամբ ու սպանությամբ: Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ոչ միայն այս զազրելի ոճրագործությունների իրականացման, այլև Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր տեղի ունեցած հայկական կոտորածների համար։ Բաքուն փորձում է դրանցից խուսափել սովորական դարձած ստի ու կեղծիքի միջոցով:

Ակնհայտ է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը հետևանքն է այն ագրեսիայի ու էթնիկ զտման քաղաքականության, որն Ադրբեջանը 30 տարի ի վեր իրականացնում է Արցախի ժողովրդի հանդեպ` փորձելով ուժի սպառնալիքի և դրա կիրառման միջոցով ճնշել նրանց ինքնորոշման, ազատ ապրելու ու արարելու միջազգային իրավունքով ամրագրված անքակտելի իրավունքը:

Բաքուն շարունակում է մերժել Մինսկի խմբի համանախագահների կողմից ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, նաև հրաժարվելով իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումները` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակաբար խախտելով 1994-95թթ. ռազմական գործողությունների և կրակի դադարեցման մասին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված եռակողմ, անժամկետ համաձայնագրերով իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները: Դրա վառ օրինակն էր երկու տարի առաջ հենց այս օրը Արցախի դեմ սանձազերծած Ադրբեջանի նոր ագրեսիան:

Placeholder
ԱԳՆ խոսնակ. Բաքուն շարունակում է մերժել համանախագահների առաջարկները