Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կստեղծվի տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ ստեղծելուն:
Վարչապետի խոսքով՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր է ներդնել տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ, որը պետք է համակցված լինի պետական էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ:
«Նշված պլատֆորմի ստեղծման գործում առաջնահերթ է գույքային հարկերի հաշվառման միասնական համակարգի ներդնումը, ինչի բացակայությունը խնդիրներ է առաջացնում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման, վճարումների ձևերի, ինչպես նաև հավաքագրման տեսանկյունից»,- նշեց նա:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Ֆինանսների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին 5-օրյա ժամկետում Կառավարությունում քննարկված տեղական էլեկտրոնային կառավարման միասնական պլատֆորմի ներդրմանն ուղղված գործողությունների ծրագրի և ժամանակացույցի նախագիծը, ինչպես նաև դրա կիրարկման վերաբերյալ իրավական ակտի նախագիծը ներկայացնել Կառավարության աշխատակազմ:
Վարչապետը «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին նաև հանձնարարեց 3-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ գույքային հարկերի հաշվարկման միասնական համակարգ ստեղծելու նախագծման, կազմակերպչական, ինչպես նաև այլ աշխատանքների ուղղությամբ՝ հաշվի առնելով առաջին կետով նախատեսված գործողությունների ծրագիրը։