Ատոմակայանի կառուցմամբ՝ Թուրքիան դառնում է լուրջ մրցակից ՌԴ համար. քաղաքագետ
Քաղաքական
17:07 05/04/2018
Տարածաշրջան

Ատոմակայանի կառուցմամբ՝ Թուրքիան դառնում է լուրջ մրցակից ՌԴ համար. քաղաքագետ

Ռուսաստանի աջակցությամբ Թուրքիայում ատոմային էլեկտրակայանի կառուցման հիմքում ՌԴ կոմերցիոն շահերն են։ Ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ չի կարծում, թե այդ կերպ Ռուսաստանը Թուրքիային միջուկային զենքի հնարավորություն է տալիս։

«Ատոմակայանը դեռ չի նշանակում միջուկային զենք։ Իրենք ունեն ատոմակայան, բայց չունեն միջուկային զենք, իհարկե, թափոնները և այլն կարող են օգտագործվել, բայց նման դեպքերում վերահսկողական մեխանիզմները և պայմանագրային բազան շատ ամուր են լինում։ Չնայած ասեմ, որ էներգետիկ առումով Թուրքիան դառնում է լուրջ մրցակից ՌԴ համար, բայց նաև հնարավորություն է տալիս ռուսական տարբեր տիպի խողովակաշարերի կառուցման համար՝ և Սև ծովի հատակով, և Թուրքիայի տարածքով»,- ասաց նա։

Մելիք-Շահնազարյանը նշեց՝ այստեղ բառացիորեն կոմերցիոն շահն է խոսում, այդ մասին նշել է նաև ՌԴ նախագահը։ Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը այս քայլի ռազմաքաղաքական վտանգները տեսնում է, բայց այս պարագայում նրա համար կոմերցիոն շահը գերակա է։ Բանախոսը նշեց՝ սա առաջին փորձը չէ, նույն Ադրբեջանին զենք վաճառելը ևս ՌԴ համար անվտանգության տեսակետից սպառնալիք է, որովհետև պայթյունը Արցախում՝ պայթյունը Հարավային Կովկասում նշանակում է նաև խմորումներ Հյուսիսային Կովկասում, և դա անմիջական սպառնալիք է ՌԴ համար։

Բայց անգամ այս դեպքում, ըստ քաղաքագետի, նորից կոմերցիոն շահը գերակա դարձավ, գերազանցեց աշխարհաքաղաքական շահին, և Ռուսաստանը գնաց այդ քայլին։

Placeholder
Ատոմակայանի կառուցմամբ՝ Թուրքիան դառնում է լուրջ մրցակից ՌԴ համար. քաղաքագետ