Համայնքներից ստացված սուբվենցիաների ծրագրային 40 հայտից 3-ին առայժմ հավանություն չի տրվել
Տնտեսություն
15:13 06/04/2018
Հայաստան

Համայնքներից ստացված սուբվենցիաների ծրագրային 40 հայտից 3-ին առայժմ հավանություն չի տրվել

ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ  այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է համայնքներից ստացված սուբվենցիաների ծրագրային 40  հայտերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 371 մլն դրամ է: Նշված  գումարից համայնքների  ներդրումը կազմում է  791 միլիոն դրամ, իսկ մնացած մասը  պետական աջակցությունն է:  Հայտերը վերաբերում են համայնքային նշանակության ծրագրերի, որոնցով, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել փողոցային լուսավորություն, կոյուղագծերի կառուցում,  փողոցների  ու ճանապարհների բարեկարգում ու հիմնանորոգում,  մանկական այգու ստեղծում ու համայնքային պուրակների կառուցապատում,  մանկապարտեզների վերանորոգում, ջրագծերի կառուցում  և այլն:

Դավիթ Լոքյանի ներկայացմամբ՝  բոլոր ծրագրերը մանրամասն  քննարկվել են  շահագրգիռ գերատեսչությունների կողմից, ներկայացվել են համապատասխան առաջարկություններ: 
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրերի  արդյունավետությունը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնվեն  գերատեսչությունների  առաջարկությունները, որպեսզի ձևավորվեն իրատեսական  ծրագրեր: Նա նաև հորդորել է խրախուսել ու ամենայն աջակցություն ցուցաբերել արդյունավետ աշխատող և իրենց համայնքների  զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող համայնքապետներին:

Քննարկումների ընթացքում որոշվել է  վերոնշյալ 40 ծրագրային հայտից 3-ին առայժմ հավանություն չտալ՝  համայնքների կողմից համաֆինանսավորման ոչ բավարար ծավալի պատճառով, որպեսզի  վերջիններս կարողանան սահմանված ծավալով կատարել համաֆինանսավորման իրենց պարտավորությունները:
 

Placeholder