Կոնվերս Բանկի հովանավորությամբ կանցկացվի «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը»
Կրթություն, գիտություն
18:45 10/04/2018
Հայաստան

Կոնվերս Բանկի հովանավորությամբ կանցկացվի «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը»

Ապրիլի 6-ին համագործակցության պայմանագիր է կնքվել Կոնվերս Բանկի և «Այբ» կրթական հիմնադրամի միջև:  Դրա շրջանակներում՝ մայիսի 5-ին, Կոնվերս Բանկի հովանավորությամբ կանցկացվի «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը»:

«Մրցունակ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթությանը աջակցությունը գործունեության ողջ ընթացքում եղել է Կոնվերս Բանկի առաջնահերթություններից մեկը: Այս մրցաշարը բնական գիտությունները հանրայնացնելու՝ մասնավորապես, քիմիայի նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու հիանալի հնարավորություն է»,- Բանկի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Նրա խոսքով, Կոնվերս Բանկը երկարամյա համագործակցության փորձ ունի Հայաստանի մի քանի կրթօջախների հետ, որոնց սաների համար պարբերաբար հանդես է գալիս տարբեր շահավետ առաջարկներով, ինչպես նաև աջակցում նրանց կրթական միջավայրի ու պայմանների բարելավման: 

Բանկի որդեգրած այս մոտեցումը հատկապես ընդգծված կլինի 2018 թվականի ընթացքում։
«Այս տարի Կոնվերս Բանկը նշում է իր հիմնադրման 25-ամյակը: 25-ամյակի միջոցառումների շրջանակում  հանրությանը կներկայանանք նորարարական մտածելակերպի խրախուսմանն և երիտասարդությանը հասցեագրված բազմաթիվ նախագծերով»,-ասել է պարոն Հակոբյանը:
Այս տարի մրցաշարին մասնակցելու է 9-12-րդ դասարանների  40 թիմ Երևանից, ՀՀ և Արցախի տարբեր մարզերից, ինչը նշանակում է, որ մրցաշարի նկատմամբ բարձր դասարանցիների հետաքրքրությունը հետզհետե աճում է:

«Մենք շատ ոգեշնչված ենք այս համագործակցությամբ։  «Այբ» հիմնադրամի և «Կոնվերս Բանկ» -ի այս համագործակցության արդյունքում մենք կարող ենք բացահայտել պայծառ երիտասարդներ, ովքեր վաղը կշարունակեն իրենց ուսումն ու զարգացումը և կդառնան մեր երկրում քիմիական արդյունաբերության, առողջապահության զարգացման գրավականը», - ասել է «Այբ» հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Շուշան Կարապետյանը։

«Այբ» կրթական հիմնադրամի հերթական այս նախաձեռնությունը իրականացվում  է 2010թ-ից:
Մրցաշարն ինտերակտիվ խաղ է, որին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների թիմեր: Մրցաշարի ընթացքում  9-ից 12-րդ դասարանցիները  լուծում են  քիմիայի առաջադեմ խնդիրները, քննարկում տարբեր գիտական թեմաներ և ներկայացնում իրենց հետազոտությունների արդյունքները:

 

Placeholder