Փոխնախարար. Արցախում ճանապարհաշինական ակտիվ աշխատանքներ են ընթանում
Տնտեսություն
11:30 10/04/2018
ԼՂՀ

Փոխնախարար. Արցախում ճանապարհաշինական ակտիվ աշխատանքներ են ընթանում

Արցախի մի քանի քաղաքներում՝ Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում ճանապարհների բարեկարգման, ասֆալտապատման ակտիվ աշխատանքներ են ընթանում: Այս տարվա ծրագրում ընդգրկված են նաև Ամարաս, Գանձասար ու Շուշի տանող ճանապարհները: Շինարարությունն իրականացնում են արցախյան 3 խոշոր ընկերություններ, հումքն էլ արտադրվում է տեղում:

«Այս պահին կապիտալ նորոգվում է Ստեփանակերտի Գարեգին Նժդեհի անվան փողոցը: Վատ վիճակում էր: Մայրաքաղաքի Վաղարշյան թաղամասում էլ թիվ 10 դպրոցի հարակից ճանապարհներն են վերանորոգվում: Մարտունի քաղաքում 7-8 փողոց է վերանորոգվում»,-Panoarama.am-ի  հետ զրույցում մանրամասնեց Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Պավել Նաջարյանը:

Ստեփանակերտից Մարտակերտ տանող հիմնական ճանապարհին էլ շինարարներ են աշխատում:  Ասֆալտապատում կիրականացնեն մինչև հասնեն ու հատվեն Մարտակերտ-Վարդենիս ճանապարհին:

«Հիմա հողային աշխատանքներ են կատարվում, եզրաքարերն են տեղադրվում, որոշ ժամանակ անց կսկսեն ասֆալտապատման աշխատանքները: Ավարտը նախատեսված է այս տարվա ընթացքում:  Դրանից հետո կսկսեն Վարդենիսից դեպի Քարվաճառ տանող ճանապարհի շինարարությունը»,-ծրագրերը ներկայացրեց արցախցի պաշտոնյան:

Այս տարի էլ ճանապարհների բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքները կիրականացվեն արտաբյուջետային միջոցների հաշվին: Կառավարությունը նախատեսում  ու ծրագրում է հաջորդ տարվա պետական բյուջեից  ոլորտի համար հատկացումներ անել:

«Տարեցտարի այս ոլորտում ավելի շատ աշխատանքներ ենք իրականացնում, առկա է առաջընթաց, որը պետք է պահպանվի: Բացի փողոցներից, բարեկարգվում ու ասֆալտապատվում են հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհները» ,-ասաց Նաջարյանը:

Մարտունիի լուսանկարները՝ Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:







Placeholder
Փոխնախարար. Արցախում ճանապարհաշինական ակտիվ աշխատանքներ են ընթանում