Աշակերտները կստանան ֆինանսական կրթություն՝ վարկերի, ավանդների, տոկոսագումարների մասին
Կրթություն, գիտություն
14:52 11/04/2018
Հայաստան

Աշակերտները կստանան ֆինանսական կրթություն՝ վարկերի, ավանդների, տոկոսագումարների մասին

Հայաստանի Հանրապետության  հիմնական և ավագ  13 դպրոցում այս ուսումնական տարվա սկզբից ներդրվել է  ֆինանսական կրթության փորձնական  ծրագիրը:

Ֆինանսական կրթության բաղադրիչն  ինտեգրված է 2-10-րդ դասարանների  «Ես և շրջակա միջավայրը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ծրագրերում: Այդ նպատակով նշված առարկաների ծրագրերում կատարվել է փոփոխություն, որը հաստատվել է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով:

Նախարարությունից մանրամասնում են, որ ըստ այդմ` նշված առարկաների ծրագրերում ընդգրկվել են ֆինանսական կրթության թեմաներ, օրինակ` ինչպես վարկերի և ավանդների տեսակների, տոկոսագումարների, աշխատավարձերից կատարվող հարկային պահումների, եկամուտների և ծախսերի հաշվարկի, բյուջեի տնօրինման և ֆինանսական կրթությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Ֆինանսական կրթության փորձնական ծրագիրն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԲ ներկայացուցիչների կողմից կրթական ծրագիրը մշակող աշխատանքային խումբ է ստեղծվել, որը նաև իրականացրել է ուսուցիչների վերապատրաստում:

ԿԳ նախարարությունը մտադիր է գալիք ուսումնական տարվա սկզբին ֆինանսական կրթությունը ներդնել հանրապետության մոտ 350 դպրոցներում:

Քննարկման ընթացքում  մանկավարժները ներկայացրել են իրենց դիտարկումները դպրոցական  առարկայական ծրագրերում  ներառված ֆինանսական կրթությանն առնչվող թեմաներին: Ուսուցիչները համոզմունք  են հայտնել, որ ծրագրի ներդրումն արդյունավետ է: Նշվել է, որ հատկապես բարձր դասարանների աշակերտների մոտ հետաքրքությունն առարկայի նկատմամբ մեծ է, մասնավորապես հետաքրքրվում են վարկերով և ավտովարկերով, բիզնեսի  համար նախատեսված  հարկերով, աշխատավարձի հաշվարկով և այլ հարցերով:

 

 

Placeholder