ԱՄՆ-ն չի ողջունում Թուրքիայում վաղաժամ ընտրությունները
Քաղաքական
13:00 20/04/2018
Տարածաշրջան

ԱՄՆ-ն չի ողջունում Թուրքիայում վաղաժամ ընտրությունները

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը Վաշինգտոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է 2018թ. հունիսի 24-ին տեղի ունենալիք Թուրքիայի վաղաժամ խորհրդարանական և նախագահական ընտրություններին։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն մտահոգված է, որ վաղաժամ ընտրությունները տեղի են ունենալու արտակարգ դրության պայմաններում, քանի որ նման իրավիճակում հավանականություն կա, որ դրանք չեն լինի ազատ և արդար։

«Արտակարգ դրության ընթացքում դժվար է կազմակերպել ամբողջությամբ ազատ, արդար և թափանցիկ այնպիսի ընտրություններ, որոնք կհամապատասխանեն թուրքական օրենքներին, ինչպես նաեւ Թուրքիայի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Անշուշտ մենք ցանկանում ենք տեսնել ազատ և արդար ընտրություններ, սակայն այդ հարցում մտահոգություններ ունենք»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են հասել երկրում վաղաժամ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու հարցում: Նախատեսվում է, որ ընտրությունները անցկացվելու են 2018թ․ հունիսի 24-ին։

Մինչ Էրդողան-Բահչելի հանդիպումը Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն նախատեսված էին 2019թ. նոյեմբերի 3-ին:

Ապրիլի 18-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում երկրում գործող արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշում է կայացվել։

Արտակարգ դրությունը, որը սահմանվել էր Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, երկարաձգվել է ևս 3 ամսով: Հեղաշրջման փորձից ի վեր Թուրքիայում այն արդեն 7-րդ անգամ է երկարաձգվում:

Արտակարգ դրության պահպանման օգտին են քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում»  (ԱԶԿ-AKP) կուսակցությունը և «Գորշ գայլերի» քաղաքական թև համարվող «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը: Այդ քաղաքական ուժերը դաշինքով կմասնակցեն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններին։

Placeholder
ԱՄՆ-ն չի ողջունում Թուրքիայում վաղաժամ ընտրությունները