Թուրքիայի նախագահը ցավակցական ուղերձ է հղել հայ համայնքին
Քաղաքական
18:29 24/04/2018
Տարածաշրջան

Թուրքիայի նախագահը ցավակցական ուղերձ է հղել հայ համայնքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ապրիլի 24-ի տարելիցի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Գումգափուի Ս. Աստվածածին մայր եկեղեցուն: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանն ուղղված ուղերձում, «Ակոս»-ի փոխանցմամբ, ասված է.

«Հարգելի Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյան, շատ թանկագին իմ հայ քաղաքացիներ, ի սրտե ողջունում եմ ձեզ:

Այսօր դուք Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին ու բարդ պայմաններում մահացած Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի հիշատակը հարգելու համար միախմբվել եք Պոլսո Հայոց պատրիարքարանի տանիքի ներքո: Կյանքից զրկված օսմանյան հայերին ևս մեկ անգամ հարգանքով հիշատակում և նրանց երեխաներին ու թոռներին անկեղծ ցավակցություններս եմ հայտնում:

Այս կապակցությամբ հոգու խաղաղություն և ողորմություն եմ խնդրում նույն ժամանակահատվածում հիվանդությունների, գաղթերի, պատերազմի ու բախումների հետևանքով մահացած միլիոնավոր օսմանյան քաղաքացիների համար:

Պատմության ընթացքում մենք մշտապես եղել ենք ցավերը կիսող, այլ ոչ դրանք տարբերակող կամ դրանցով մրցակցող: Այսօր էլ Թուրքիան ջանում է հզորացնել խաղաղության ու եղբայրության ուժը՝ հենվելով պատմական ժառանգության վրա: Մեր հայ քաղաքացիների՝ պատմության ընթացքում ապրած ցավերը կիսելը թուրք ազգի խղճի ու բարոյականության պահանջն է:
Ես համոզված եմ, որ Թուրքիայի հայ քաղաքացիները շարունակելու են իրենց կարևոր ներդրումն ունենալ երկրի մշակութային, քաղաքական ու տնտեսական ոլորտներում»:

Placeholder
Թուրքիայի նախագահը ցավակցական ուղերձ է հղել հայ համայնքին