Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՊԵԿ. Ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ մայիսին հարկային մուտքերը կարող են նվազել
Հաշվի առնելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը՝ Պետական եկամուտների կոմիտեն մտավախություն ունի, որ մայիսին հարկային մուտքերը կարող են նվազել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:
«Ապրիլին արտացոլվել են դրան նախորդող ժամանակահատվածի արդյունքները: Այսինքն՝ մայիսի համար մենք ունենք մտահոգություններ, քանի որ ապրիլի երկրորդ շաբաթից սկսած տեսնում ենք ֆիսկալ շրջանառությունների անկում՝ թե ՀԴՄ-ներով, թե փաստաթղթերով»,- նշեց ՊԵԿ պաշտոնյան:
Նրա խոսքով՝ դրա պատճառը միայն տնտեսական պասիվությունը չէ, այլ այն, որ որոշ հարկ վճարողներ, օգտվելով առիթից, ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում:
«Մեր խնդրանքը, հորդորն այն է, որ անկախ այս վիճակներից, մարդիկ պահպանեն օրենքի պահանջը և վճարեն բոլոր հարկերը»,- ասաց Կարեն Բրուտյանը:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալը աշխատի Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, Կարեն Բրուտյանն ասաց. «ՊԵԿ-ը սկսել է գործընթաց, որ բոլորը վճարեն բոլոր հարկերը օրենքով սահմանված կարգով թե այս կառավարությունում, թե վաղը ձևավորվող կառավարությունում: Իմ հույսն ու նպատակն այն է, որ այդ կարգախոսը լինի: Ես կաշխատեմ, թե ոչ, կարծում եմ՝ բացարձակ էական չէ, կարևորը հարկերի հավաքագրման ու վճարման օրինական գործընթացը ողջ ծավալով կյանքի կոչվի»: