Մի արի տուն
Հասարակություն
13:12 28/04/2018
Հայաստան

Մի արի տուն

Մոսկվայում բնակվող քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը ռուսական ամենամեծ լրատվամիջոցում՝ «Ռիա Նովոստի»-ում, հոդված է հրապարակել, որում կարծես փորձել է ոչ թե որպես օբյեկտիվ քաղաքագետ, այլ անձ՝ իր արժեքների համակարգում, վերլուծել հայաստանյան իրավիճակը:  

Այն տպավորությունն է, որ քաղաքագետին նեղացրել են Հայաստանում,  չեն կանչել «Արի տուն»:  Ցուցարարներին գնահատելով որպես ամբոխ, վերլուծության հերոսը իներցիայով շարունակում է ռուսաստանյան ցուցարարներին տրվող գնահատականները:

Միտք ունենալով պաշտպանել նախկին կառավարությունը,  Միհրանյանը ճիշտ չի ընկալում իրավիճակը. Տեղի ունեցածը գնահատելով հակասահմանադրական, քաղաքագետը  արդեն իսկ  թերագնահատում է վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի արժեքը, որով նա հնարավորություն տվեց «ամբոխին» լսված լինել, գործողություններին՝  անբախում շարունակություն ունենալ:
 
Խոսելով Սահմանադրության շրջանցման մասին, Միհրանյանը թերևս չի ընդունում հայաստանյան Սահմանադրությունը լուրջ. Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է և վարչապետի հրաժարականի հնարավորությունը, և հետագա օրինական քայլերը:

Առայժմ հակասահմանադրական քայլ չի արել կողմերից և ոչ մեկը:

Գուցե Միհրանյանը նպատակ ունի պաշտպանել Կարեն Կարապետյանի՞ թեկնածությունը, երբ գրում է. «Վարչապետի գործող պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ով առաջիկա օրերին կարող է վարչապետ ընտրվել, չի պատրաստվում տեղի տալ հրապարակի ճնշմանը` միաժամանակ կարծելով, որ պետք է արտահերթ ընտրություններ նշանակել»:

Ասենք, որ ըստ մեր Սահմանադրության Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու՝ չորս տարի Հայաստանում չապրելու պատճառով:  Ու չնայած դրան անգամ, խորհուրդ կտամ Միհրանյանին չորոշել Կարեն Կարապետյանի փոխարեն, թե ինչ հետագա քայլեր ձեռնարկի՝ զիջի, թե տեղի չտա:  

Ի վերջո՝ ՀՀԿ-ն պիտի հարգի իր առաջնորդի հրաժարականի որոշումը և չանի քայլեր, որոնք կարժեզրկեն այդ որոշումը:

Նշեմ նաև, որ ըստ Սահմանադրության  ԱԺ լուծարումը ևս երկու անգամ վարչապետ չընտրելուց հետո է, Միհրանյանը շտապում է Կարեն Կարապետյանին դրդել ռուսաստանյան ճանապարհներ տեսածի որոշումներ ընդունել:

Ինչ վերաբերում է «Ադրբեջանի ու Թուրքիայի հետ պատերազմող» Հայաստանին վտանգների մասին զգուշացնելուն,… ինչ կարող է իմանալ Մոսկվայում բազմած մարդը ասենք Ապրիլյանի մեր ապրումներից:

Մենք Ռուսաստանում ապրող քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի վախերին ու թելադրանքներին հետևելու Հայրենիք չունենք:

Մի արի տուն:

Անահիտ Ոսկանյան

Placeholder