Էմիլ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական Դատարանի դատավոր
Քաղաքական
11:52 04/05/2018
Հայաստան

Էմիլ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական Դատարանի դատավոր

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ԱԺ նիստում հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու  Ընտրական օրենսգրում փոփոխոխություններ կատարելու նախագծին: Հիմնավորեց, որ օրենսգիրքը սահմանադրական օրենք է, իսկ փաթեթում ներառված են ոչ սահմանադրական օրենքներ: Նրա խոսքով, դրանց քվեարկության ընթացակարգերը պետք է տարբեր լինեն:

«Այստեղ իրավական բաց կա, առաջանում են լրջագույն խնդիրներ: Առաջին ընթերցմամբ մենք կողմ էինք քվեարկել, բայց մեր ձեռք բերված պայմանավորվածությունը չի պաշտպանվել: Միաժամանակ «Ելք» խմբակցությունը չի մասնակցելու ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը»,-հայտարարեց Զեյնալյանը:

«Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին՝ չնայած թերի են:

«Քաղաքական նոր իրավիճակի իրավական ամրագրումից հետո խորհրդարանն անդրադառնալու է ԸՕ-ի լայն փաթեթով քննարկմանը և ընդունմանը, այնուհանդերձ որպես առաջին քայլ մենք քվեարկում ենք կողմ: Տեղեկացնեմ, որ ՍԴ անդամի քվեարկությանը «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու, քանի որ թեկնածուի առաջադրումն իրականացվել է իրավական բազմաթիվ ընթացակարգերի խախտմամբ»,-ասաց նա:



77 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ  ընդունվեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների փաթեթը։

Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի արձանագրությունը ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկության վերաբերյալ։ Ըստ դրա՝ գաղտնի քվեարկությանը 105 պատգամավորներից մասնակցել են 54-ը, որից 51-ը՝ կողմ, դեմ՝ 3:

«Այսպիսով ՍԴ դատավոր չի ընտրվում»,-ասաց նա:

ՍԴ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր, որ Բաբայանի թեկնածությանը կողմ քվեարկեին պատգամավորների 3/5-ը  (63 քվե):

Placeholder
Էմիլ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական Դատարանի դատավոր