Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարները հետաքրքրված են Հայաստանի էներգետիկ ոլորտով
Տնտեսություն
11:26 07/05/2018
Հայաստան

Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարները հետաքրքրված են Հայաստանի էներգետիկ ոլորտով

«Չինական ընկերությունների հետ արդեն իսկ առկա է արդյունավետ փոխգործակցություն»,- այս մասին նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանը՝ Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարներ «Redco International W.L.L.» ընկերության գլխավոր  գործադիր տնօրեն Սաիֆ-Ուր-Ռեհման Խանի  և  «PowerChina» միջազգային խմբի նախագահ Սոն Դոնշենի հետ հանդիպմանը։

Նախարարության տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի  բաժնից հայտնում են, որ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է մինչև 2036թ. Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությունը և համագործակցության զարգացման համատեքստում անդրադարձել, մասնավորապես, վերականգնվող  էներգետիկայի բնագավառում ներդրումային գրավչություն ունեցող նախագծերին։ Ընդգծելով, որ այդ նախագծերի առաջնային նպատակն արտահանման նպատակով  էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների ավելացումն է՝ Աշոտ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել «Երևանի ՋէԿ»-ի 2 էներգաբլոկի,   «Շնող», «Մեղրի»   հիդրոէլեկտրակայանների,    «Լոռի-Բերդ»  ՀԷԿ-երի համալիրի կառուցման ծրագրերի վերաբերյալ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սոն Դոնշենին Աշոտ Մանուկյանին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը,  խոսել ընկերության առաջնահերթությունների մասին, ինչպես նաև քննարկել Հայաստանի հետ  էներգետիկայի  բնագավառում համագործակցության հնարավորությունները:

Նա ընդգծել է, որ աշխարհի ավելի քան 100 երկրում «PowerChina»  ընկերությունը գործունեություն է  ծավալում  նաև էներգետիկայի  ոլորտում, մասնավորապես՝  մասնագիտացած է հիդրոկայանների,  արևային և ջերմային կայանների   կառուցման գործում: Ս. Դոնշենին նշել է, որ շահագրգռված են ՀՀ էներգետիկ ոլորտում համագործակցությամբ՝ հաշվի առնելով երկրի ճկուն ներդրումային միջավայրը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայանի վերազինման և արդիականացման արդյունքում արտադրական կարողությունների զարգացման հեռանկարների շուրջ։

Խոսելով տարածաշրջանային ինտեգրման շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերի մասին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ընթացքի մեջ է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, և ակնկալվում է, որ դրա շնորհիվ զգալիորեն կավելանա Հայաստանից դեպի Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը։ Աշոտ Մանուկյանը կարևորել է նաև Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցումը, որի համակցումը  Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի միջև։

Գործարարները շնորհակալություն  են հայտնել նախարարի պաշտոնակատարին՝ ոլորտի զարգացման առաջնահերթությունները հանգամանալի ներկայացնելու համար և համագործակցության  պատրաստակամություն հայտնել:

 

 

Placeholder
Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարները հետաքրքրված են Հայաստանի էներգետիկ ոլորտով