Հայաստանի մարզերում 84 սկսնակ մասնակցել է անվճար գործարար դասընթացի
Տնտեսություն
10:11 08/05/2018
Հայաստան

Հայաստանի մարզերում 84 սկսնակ մասնակցել է անվճար գործարար դասընթացի

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կազմակերպած անվճար գործարար դասընթացներին Աշտարակում, Գյումրիում, Չարենցավանում, Դիլիջանում և Վայքում մասնակցեց 84 սկսնակ: «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակում կազմակերպված «Հաջող սկիզբ» սեմինարների 84 մասնակիցներից 70-ը ներկայացրել է գործարար ծրագիր:

Կենտրոնից տեղեկացնում են, որ դասընթացն անցկացվել է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների  բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: Սկսնակ գործարարների դասընթացները մեկնարկել են 2018 թվականի մարտին:

Ներկայացված գործարար ծրագրերը ներառել են սննդի արտադրության, զբոսաշրջային ծառայությունների և սպասարկման ոլորտի գործարար գաղափարներ:

Սկսնակների համար դասընթացը վարել են «Մաստեր սթայլ» ընկերության մասնագետները: Ծրագրի ընթացքում մասնակիցներն ստացել են բիզնեսի պլանավորման՝ շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսական պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ, որի արդյունքում մշակել են անհատական գործարար ծրագրեր:
Դասընթացի մասնակիցները ոչ միայն Աշտարակ, Գյումրի, Չարենցավան և Վայք համայնքների, այլ նաև հարակից բնակավայրերի բնակիչներ էին: USAID/PRP ծրագրի շրջանակում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի մասնագետները Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում համայնքների ներկայացուցիչների ու ղեկավարության հետ մասնակցային մեթոդով կատարել են տնտեսության վերլուծություն և ընտրել այն համայնքները, որտեղ կա ՓՄՁ զարգացման ներուժ: Այնուհետև ընտրվել են կենսունակ գործարար գաղափարներ ունեցող բնակիչները, որոնց համար էլ կազմակերպվել են գործարար դասընթացները: 

Գործարար ծրագրերից ամենակենսունակները կստանան արտոնյալ պայմաններով վարկ՝ տարեկան 10% տոկոսադրույքով մինչև 5 տարի մարման ժամկետով մինչև 5 միլիոն դրամ, որի երաշխավորությունը 100%-ով կտրամադրի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: Նորաստեղծ բիզնեսները կնպաստեն իրենց համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործարարների եկամուտների ավելացմանը և ընդհանուր բիզնես միջավայրի բարելավմանը:

Placeholder
Հայաստանի մարզերում 84 սկսնակ մասնակցել է անվճար գործարար դասընթացի