Արցախի ՊՆ-ում սահմաններում տիրող իրավիճակի հարցեր են քննարկվել
Քաղաքական
15:22 09/05/2018
ԼՂՀ

Արցախի ՊՆ-ում սահմաններում տիրող իրավիճակի հարցեր են քննարկվել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մայիսի 9-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին և սահմաններում տիրող իրավիճակին:

ԱՀ նախախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկուստեք կարևորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը:

Խորհրդակցությունը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ևս ցույց են տվել, որ հայկական բանակը գտնվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա:  Վարչապետն ընդգծել է, որ զինված ուժերի հետ կապված բոլոր խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնել են նաև, որ մեկ այլ հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 

Placeholder
Արցախի ՊՆ-ում սահմաններում տիրող իրավիճակի հարցեր են քննարկվել