Ովքե՞ր կգնան ԱԺ մանդատից հրաժարվածների փոխարեն
Քաղաքական
15:32 10/05/2018
Հայաստան

Ովքե՞ր կգնան ԱԺ մանդատից հրաժարվածների փոխարեն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային Ժողովից այս պահի դրությամբ արձանագրություն չի ստացել պատգամավորների լիազորությունները դադարած համարելու մասին: Այս մասին Panorama.am-ին   հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Արձանագրությունը ստանալուց հետո միայն ԿԸՀ-ն կգումարի նիստ, որի ընթացքում պատգամավորական մանդատը կտրվի կուսակցությունների ընտրական ցուցակների հերթական հաջորդ թեկնածուներին:

Հիշեցնենք, որ այս պահին երեք պատգամավոր է հրաժարվել մանդատից՝ մեկը Հանրապետական խմբակցության անդամ է, երկուսը՝ ՀՅԴ:

Վերջին հրաժարականի մասին հայտարարությունը հնչեց այսօր. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին դիմում է ներկայացրել  Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Բաբայանը: Նա անկուսակցական է, ՀՅԴ խմբակցությունից:

Բացի այդ, այսօր ԱԺ նախագահը ստորագրել է պատգամավոր Գրիգոր Ավալյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Ավալյանը ևս անկուսակցական է, Հանրապետական խմբակցությունից:

Մինչ այդ մանդատից հրաժարվել էր ՀՅԴ խմբակցության անդամ դաշնակցական Աղվան Վարդանյանը:

Panorama.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասաց, որ ԱԺ կանցնի կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ համարը: 

ՀՀԿ համամասնական ցուցակից վերջինը ԱԺ է անցել Տաճատ Վարդապետյանը, այն բանից հետո երբ Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ: Վարդապետյանին հաջորդում է  ՀՀԿ ցուցակի 34-րդ տեղում գտնվող  Վահրամ Մկրտչյանը:  Նա ԿԳ փոխնախարարն է, նախարարի պաշտոնակատարը:

ՀՅԴ համամասնական ցուցակում հաջորդ  Արմեն Բաբայանին հաջորդում են Ռուզաննա Առաքելյանն ու Սպարտակ Սեյրանյանը: Եթե ինքնաբացարկներ չլինեն, նրանք էլ կանցնեն ԱԺ:

Placeholder
Ովքե՞ր կգնան ԱԺ մանդատից հրաժարվածների փոխարեն