Լևոն Ջուլֆալակյան. Ճիշտ աշխատելու դեպքում մեծ հեռանկարներ ու հաջողություններ դեռ կլինեն
Սպորտ
13:48 11/05/2018
Հայաստան

Լևոն Ջուլֆալակյան. Ճիշտ աշխատելու դեպքում մեծ հեռանկարներ ու հաջողություններ դեռ կլինեն

«Եվրոպայի առաջնությանը մեր հավաքականը հանդես եկավ գերազանց, եթե 7 հոգով թիմային պայքարում 4-րդ տեղն ենք գրավել, դա շատ մեծ բան է նշանակում»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց օլիմպիական չեմպիոն, Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ  Լևոն Ջուլֆալակյանը: Նա գերազանց է գնահատում հայ մարզիկների ցուցաբերած արդյունքները, թերությունները վերացնելու, ճիշտ աշխատելու ու եղած ձգտումը պահպանելու դեպքում մեծ հաջողությունները չեն ուշանա:

«Դժգոհ եմ 77 կգ քաշային կարգում հանդես եկող  Կարապետ Չալյանի մասնակցությունից, շվեդ ըմբիշի հետ գոտեմարտը շատ անհաջող էր, իրենից սպասելիքներ կան, բայց 2016-ից հետո անընդհատ սայթաքումներ է ունենում: Կարապետի մոտ տեխնիկական արսենակի պակաս եմ նկատում, դեռ աշխատելու ու ավելացնելու շատ բան կա»,-ասաց մարզիչն ու փաստեց, աշխատասեր, նպատակասլաց ըմբիշ է:

87 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Շահինյանի նկատմամբ մրցավարները բացասաբար էին տրամադրված: Այստեղ էլ մեդալ էին սպասում: «Առաջին գոտեմարտում հաղթեց շատ լավ, երկրորդը ռուսի հետ: Բոլորս գիտենք, որ Ֆրանսիայում ռուսները ոչ մի ոսկե մեդալ չունեցան ու նրանց մոտ կար լուրջ առաջադրանք, որ ոսկի մեդալների թիվը շատ լիներ, դա զգացվում էր, մրցավարական կազմն էլ անհաջող էր»,-մանրամասնեց Ջուլֆալակյանը:

Եվրոպայի չեմպիոներ դարձած Մաքսիմ Մանուկյանի ու Արթուր Ալեքսանյանի մասին ասելիք չունի՝ տեխնիկական հնարքները գերազանց են ու գեղեցիկ: Կարեն Ասլանյանի հաղթանակն է շատ ուրախացրել մարզիչին:

«Առաջին քայլերն է, հուսով եմ՝ չի բավարարի ու կձգտի ավելի մեծ հաջողությունների, ունի տվյալներ ու հնարավորություններ դրա համար»,-ասաց նա:

Հիմա դադար է, հավաքականի անդամները հանգստանում են, հունիսից կսկսեն հավաքները, կպատրաստվեն Հունգարիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:

Հիշեցնենք, որ ՌԴ Կասպիյսկ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությանը Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը դարձան ոսկե մեդալակիրներ, Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ նվաճեց:

Placeholder
Լևոն Ջուլֆալակյան. Ճիշտ աշխատելու դեպքում մեծ հեռանկարներ ու հաջողություններ դեռ կլինեն