Ակցիա. Պետք է բարձրացնել ստոմատոլոգների որակը, ոչ թե ոլորտի հարկերը
Առողջություն
12:06 14/05/2018
Հայաստան

Ակցիա. Պետք է բարձրացնել ստոմատոլոգների որակը, ոչ թե ոլորտի հարկերը

Մինչ առողջապահության նախարարության շենքում կներկայացնեին նորանշանակ նախարարին, շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ նախագահ, վիրաբույժ-ստոմատոլոգ  Հովհաննես Գևորգյանն ու նրա մի քանի համախոհներ:

Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ակցիայի նախաձեռնողը, ստոմատոլոգները չեն խուսափում հարկերից, սակայն դրանք պետք է լինեն խելքին մոտ, համաչափ:

«Մենք այսօր նամակ ենք հանձնելու նորանշանակ նախարարին: Խնդիրները վերաբերում են ոլորտի հարկերին»,-ասաց նա:

Հ. Գևորգյանի խոսքով, ոլորտում գործում է արտոնագրային վճար, եկամտահակ, որոնք իրար հետ ահամատեղելի են:

«Իրավիճակն ավելի բարդացնում ու ոլորտն ավելի է գերծանրաբեռնելու էլեկտրոնային ծրագրի անցնելու պահանջը»,-ասաց նա:

Ակցիայի նախաձեռնողը նշում է, որ այսօր այս ոլորտում պետք է իրականացվեն բժիշկ-ստոմատոլոգների որակների բարձրացմանը, վերապատրաստմանն ուղղված ծրագրեր:

«Նախարարության խնդիրն այլևս պետք է լինի նրանց որակի բարձրացումը, ոչ թե անընդհատ փոփոխությունները, որոնք ուղղված են այս կամ այն կազմակերպությունների կամ անձանց շահերի սպասարկմանը: Ժամանակը գա, անուններ կնշենք, թե ովքեր են առաջնորդվել սեփական շահերով, ինչի հետևանքով տուժել են հարյուրավոր ստոմատոլոգներ»,-նշեց նա, ավելացնելով, որ փոփոխությունները պետք է քննարկվեն ոլորտում գործող ասոցիացիաների հետ, հաշվի առնվեն հնչած տեսակետները:

Ի դեպ, արդեն նախկին նախարար Լևոն Ալթունյանը դուրս գալով զրուցեց ակցիայի մասնակիցների հետ, ասաց՝ խնդրի մասին իր տեսակետը հայտնի է, ցանկացած պահի պատրաստ է զրուցել ակցիայի մասնակիցների հետ:











Placeholder
Ակցիա. Պետք է բարձրացնել ստոմատոլոգների որակը, ոչ թե ոլորտի հարկերը