Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանում ՆԳ նախարարն ու բողոքի դուրս եկած շարժումը մշակում են համաձայնագրի պայմանները
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան ու «Բելիյ շում» շարժման մասնակիցներն այսօր կսկսեն աշխատել համաձայնագրի պայմանների մշակման վրա:
Վրացական լրատվամիջոցի փոխանցմամբ, նախաձեռնության անդամներից Բեկա Ցիկարիշվիլկին հայտարարել է, որ այսօր առավոտյան նախարարը պատրաստ է իրենց հետ քննարկել ուրբաթ գիշեր տեղի ունեցած իրադարձությունները:
«Նա պատրաստ է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր անցել են իրենց լիազորությունները»,-հայտարարել է նախաձեռնության անդամը, ավելացնելով, որ խոստում է ստացել թմրանյութերի դեմ պայքարի քաղաքականության վերանայման վերաբերյալ:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախարարը ներողություն է խնդրել Ռուսթավելի պողոտայում իրականացվող ակցիայի մասնակիցներից:
«Ես ներողություն եմ խնդրում ոչ միայն իմ անունից, այլև ՆԳ նախարարության այն աշխատակիցների, որոնք ձեր կյանքի կամ առողջության համար վտանգ են ներկայացրել: Խոստանում եմ, որ մենք կոնկրետ արդյունքների ենք հասնելու թմրանյութերի քաղաքականության առումով»,-ասել է նա:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում փողոց դուրս եկած քաղաքացիները պահանջում են այդ երկրի վարչապետի, արտաքին գործերի նախարարի ու այլ պաշտոնյաների հրաժարականը: Բողոքի ակցիան իրականացվում է Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց:
Ամեն ինչ սկսվել է ոստիկանության կողմից երեկ իրականացրած հատուկ գործողության միջոցառումներից: Թմրանյութերի օգտագործման դեմ պայքարի շրջանակում ոստիկանները գիշերային երկու ակումբներից՝ Bassiani և Cafe Gallery 8 քաղաքացու է ոստիկանություն տարել: Նրանք կասկածվում են թմրանյութերի իրացման համար: