Շիրակի պետական համալսարանի ռեկտորը հրաժարական տվեց
Կրթություն, գիտություն
12:34 15/05/2018
Հայաստան

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը հրաժարական տվեց

«Առաջիկայում Շիրակի պետական համալսարանում տեղի կունենան բուհի ռեկտորի նոր ընտրություններ»,- այս մասին հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով այսօր ՇՊՀ-ում էր։

Համալսարանում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշեց, որ մինչ բուհի ռեկտորի նոր  ընտրությունները բուհը կղեկավարի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը:

«Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է դիմել, ինչը ողջունելի և փոխզիջումային քայլ է։ Ես պորֆեսորադասախոսական կազմին խորհուրդ եմ տալիս չսրել իրավիճակը: Սա լուծում է, որը թույլ կտա դուրս գալ ստեղծված իրավիճակից: Նախարարությունը ելնելու է բացառապես ոլորտի շահերից, և որևէ մեկին առավելություն չի տրվելու: Ես հաջորդ շաբաթ կրկին կգամ Գյումրի, կհանդիպեմ դասախոսների և ուսանողների հետ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ ռեկտորի պաշտոնակատարին խնդրելու է, որպեզսի դիտարկի հեռացված երկու դասախոսների վերականգման հնարավորությունը առաջիկա շաբաթների ընթացքում։

«Կարծում եմ, բոլոր մնացած բուհերում և ուսումնական հաստատություններում խնդիրները պետք է այսպես լուծվեն՝ բանակցությունների ու փոխզիջումների միջոցով:  Պետք է  հաշվի առնենք, որ  Հայաստանում իրավիճակ է փոխվել, պետք է հաշվի առնեք, որ Հայաստանում ունենք նոր իրողություններ, բայց այդ իրողությունները չպետք է մեզ հանեն օրենքի ու օրինականության դաշտից: Նախարարությունն ամբողջությամբ շահագրգիռ կողմերի տրամադրության տակ է: Մենք կողմնապահություն չունենք, ԿԳՆ ելնելու է ոլորտի շահերից, և որևէ մեկին առավելություն չենք տալու»,- հավելեց նախարարը։

Ասուլիսին ներկա Սահակ Մինասյանը շեշտեց, որ իր կողմից մինչ բուհի ռեկտորի նոր ընտրությունները, պաշտոնը լքելու որոշումը կապ չունի  բուհի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականի հետ:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե կմասնակցի՞  բուհի ռեկտորի նոր ընտրություններին՝ Մինասյանը պատասխանեց. «Հետոյի մասին կասեմ հետո»։

Placeholder
Շիրակի պետական համալսարանի ռեկտորը հրաժարական տվեց