ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը պետք է զերծ մնա քաղաքական խնդիրներից. Գագիկ Մինասյան
Տնտեսություն
12:42 21/05/2018
Հայաստան

ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը պետք է զերծ մնա քաղաքական խնդիրներից. Գագիկ Մինասյան

Մայիսի 15-ին Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) խորհրդարանական վեհաժողովի կազմավորման 25-ամյակին նվիրված նիստ է անցկացվել: Այսօր Ազգային ժողովում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը մանրամասներ ներկայացրեց նիստից ու ընդունված հռչակագրից:

«Նիստին հրավիրված էին անդամ 12 երկրների խորհրդարանների ղեկավարները, սակայն միայն 9 երկրների խորհրդարանների ղեկավարներն էին նիստին՝ բացառությամբ Հայաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի: Վեհաժողովում հիմնական քննարկված փաստաթուղթը եղել է 25-ամյակին նվիրված հռչակագիրը, որը նշում է այն ձեռքբերումները, որը վեհաժողովն ունեցել է անցած 25 տարիներին,  նշում են նաև այն օրենքները, որոնցով պետք է կառույցը զարգանա ապագայում»,- նշեց Մինասյանը:

Նա տեղեկացրեց, որ փաստաթուղթը մշակվել է Ստամբուլում, և ուղարկվել է անդամ պետությունների ներկայացուցիչներին, որոնք պետք է առաջարկություններ ներկայացնեին այդ փաստաթղթում:

«Առաջարկությունները շատ էին: Հիմնականում երկու հակադիր տեսակետներ կային, որոնցից  մեկը ներկայացրել էր Հայաստանի, մյուսը՝ Ուկրաինայի պատվիրակությունը: Մենք գտնում էինք, որ մեր վեհաժողովը պետք է զարգանա իր էությանը համահունչ, այսինքն պետք է ունենա տնտեսական ուղղություն, և զերծ մնա քաղաքական խնդիրներին անդրադառնալուց: Ուկրաինան ճիշտ հակառակ կարծիքի էր: Առաջարկություններն ընդունելու համար պետք է հավաքվեր ձայների կեսից ավելին: Այսինքն 12 անդամից 7 ձայն էր պետք, սակայն ոչ Հայաստանի, ոչ Ուկրաինայի առաջարկը չընդունվեց: Միակ  առաջարկությունը որ ընդունվել է, եղել է վրացական կողմինը»,- մանրամասնեց Մինասյանը:

ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Ստամբուլում ընդունված հռչակագիրը  բալանսավորված փաստաթուղթ էր, զերծ այն դրսևորումներից, որոնք հայկական կողմի համար անընդունելի են:

«Իմ ելույթի հիմնական էությունը սրանում էր՝ մենք ստեղծվել ենք որպես տնտեսական համագործակցության կառույց և սևծովյան ռեգիոնում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ և մենք համոզված ենք, որ դրանք լուծելու համար չափազանց արդյունավետ ճանապարհ է տնտեսական համագործակցությունը: Տնտեսական համագործակցությանը հիմնականում ոտնահարող մոտեցումը տնտեսական շրջափակումն է և այսօր մենք անթույլատրելի ենք համարում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ շրջափակումը»,- հավելեց Գագիկ Մինասյանը:

Placeholder
ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը պետք է զերծ մնա քաղաքական խնդիրներից. Գագիկ Մինասյան