Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Քաղաքական
10:45 23/05/2018
Հայաստան

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Պարոն վարչապետ

Մի քանի օր առաջ դիմեցինք Երևանի ավագանու Ելք-ի ներկայացուցչին, իմանալու, թե ինչու ավագանին, որ իրավասու է պահանջել քաղաքապետի հրաժարականը, չի զբաղվում այդ հարցով, այլ թողել է քաղաքացիների վրա «մերժելու» ծանրությունը:

Ինչպես հասկացա պատասխանից՝ ավագանին սպասում է քաղաքապետի պաշտոնավարման մի տարին լրանալուն:

Երեկ Ելքից պատգամավոր Ալեն Սիմոնյանը վայր դրեց իր մանդատը՝  ավագանու անդամության դիմաց:

Հասարակությունը քննարկում է արդեն, որ Սիմոնյանը պատրաստվում է առաջադրվել քաղաքապետ դառնալու:

Մի փոքր ետադարձ էլ թույլ տվեք ու՝  կանցնեմ բուն հարցիս:

Ես նամակով դիմել էի տարածքային կառավարման և զարգացման նախարար պարոն Լոքյանին, սակայն պատասխանները օրենքից հատվածներ էին, որոնք ինչ-որ կերպ չէին համընկնում հարցերին՝ որպես պատասխան:

Հարց. «Ըստ նախարարության կանոնադրական պարտավորությունների՝ նախարարությունը պիտի ապահովի Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացումը և զարգացման համամասնությունը: Ակնհայտորեն ամբողջ ուշադրությունը՝ լինի դա բնակչության, թե կառավարության ուշադրությունը, կամ թե բնակչության թվի, թե դպրոցների, հիվանդանոցների, բուհերի քանակը, ... կենտրոնացած է Երևանում: Ու կրկին ակնհայտ է, որ մինչև Երևանը ինչ-որ կերպ փակ քաղաք չդառնա, մարզերի զարգացումը կրկին կմնա հարցականի տակ..»:

Թույլ տվեք այս հարցն արդեն ուղղել Ձեզ՝ հստակ պատասխանի ակնկալիքով:

Նաև, որպես հարցի շարունակություն՝  չե՞ք գտնում, որ Երևանին ընդհանրապես քաղաքապետ պետք չէ:

Համոզված եմ, որ փոքրաթիվ բնակչությամբ երկրի ահռելի մայրաքաղաքը կարիք չունի մեկ ղեկավարի: Ու կարծում եմ, որ Դուք, Ձեր դիվանագիտական մտքով, կընդունեք նաև այս պահի պահանջը՝ Երևանը կարիք չունի քաղաքապետի: Դա հնարավորություն կտա Ձեզ  Երևանն իրոք դարձնել սիրո ու համերաշխության քաղաք՝  բաշխելով դրա ղեկավարումը  տարբեր մարդկանց մեջ:  

Անահիտ Ոսկանյան, panorama.am գլխ. խմբագիր

Placeholder
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին