Այս պահին գնաճի ցուցանիշները հուսադրող են. ԿԲ նախագահ
Քաղաքական
13:36 29/05/2018
Հայաստան

Այս պահին գնաճի ցուցանիշները հուսադրող են. ԿԲ նախագահ

2017 թվականին գրանցվել է վերջին տարիների ամենաբարձր տնտեսական աճը: Այսօր ԱԺ-ում 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Նրա խոսքով՝ տնտեսական աճի արագացմանը նպաստել են արտաքին ու ներքին գործոնների բարենպաստ զարգացումները. «Գործընկեր երկրներում անցած տարի տնտեսական աճ է եղել, եկամուտների աճ, Ռուսաստանից դրամական փոխանցումների վերականգնում է արձանագրվել, 14,6 տոկոսով ավելացել են տրանսֆերտները, որի 75 տոկոսը ՌԴ-ից եկող փոխանցումներն են»։

Ինչ վերաբերում է ներքին գործոններին՝ Ջավադյանն ասաց, այստեղ մեծ նպաստ են ունեցել դրամավարկային խթանող քաղաքականությունը, տնտեսության վարկավորման աճը:

«Տարեվերջին գնաճը գտնվել է նպատակային ցուցանիշի միջակայքում, կազմել է 2,6 տոկոս: Գնաճի ցածր միջավայրը նպաստել է շուկայական տոկոսադրույքների նվազմանը: Տնտեսական ակտիվության բարձր մակարդակի պայմաններում պետական բյուջեի եկամուտները, դրամաշնորհները աճել են»,- ավելացրեց ԿԲ նախագահը:

ԿԲ նախագահը շեշտեց, որ ծրագրերի շարունակականության պայմաններում հնարավոր կլինի նախապայմաններ ստեղծել տնտեսական աճի կայունացման համար։

Հանրապետական խմբակցության  պատգամավոր Գագիկ Մինասյանը ԿԲ նախագահից հետաքրքրվեց. «Անցած տարի մենք ունեցանք բյուջեով սահմանված ցուցանիշի նվազագույն սահմանում գնաճ` 2,6 տոկոս: Կարծես թե, անցած այս տարվա անցած ամիսների ընթացքում առանձնապես մեծ գնաճային ճնշումներ հիմա չեն նկատվում: ԿԲ քաղաքականությունը ինչպիսի՞ն պետք է լինի, որ մեր գնաճը լինի կանխատեսվածից միջին շրջանակներում, միաժամանակ ապահովվի տնտեսական աճի ավելի բարձր մակարդակ»։

Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ այս պահին գնաճի ցուցանիշները հուսադրող են:

«Այն իրավիճակը, որ մենք ունենք, մեր կողմից նախանշված գնաճը կդառնա իրականություն: Այստեղ բավական լուրջ ազդեցություն կունենա գյուղատնտեսական արտադրանքը, մի շարք այլ գործոններ՝ միջազգային գների տենդենցներ, տարածաշրջանային ռիսկեր և այլն: Հուսադրող թվեր ունենք, գտնվելու ենք կանխատեսված հորիզոնում, ոչ ավել, քան 4 տոկոս գնաճ»,- հավելեց ԿԲ նախագահը։

Placeholder
Այս պահին գնաճի ցուցանիշները հուսադրող են. ԿԲ նախագահ