Դատախազության աչքի վերևը ԲԱՆ կա
Իրավունք
09:00 30/05/2018
Հայաստան

Դատախազության աչքի վերևը ԲԱՆ կա

Փակ շուկա, Աֆրիկյանների ակումբ,...  Գուցե և մեր թերությունն է, բայց ոչ մի հանցագործության հետ կապված այդքան երկար ու շարունակական չենք դիմել դատախազությանը, որքան հուշարձան-շենքերը այլանդակելու, վերացնելու «կապակցությամբ»:

Եթե բոլոր մյուս դեպքերում ՀՀ գլխավոր դատախազությունը, որ  կոչված է պահպանելու ու ներկայացնելու պետության շահերը, «մի փոքր» չէր հասցրել հետևել Օրենքով պահպանվող շենքերի  վերացմանը ու կանգնել էր արդեն արվածի փաստի առաջ, ստիպված էր տուգանքով կամ մեկ-երկու պատճառաբանությամբ փակել հայ ճարտարապետների ու Երևանի պատմության սիրելի գործերն ու էջերը, ապա այժմ նույնիսկ հեռուն նայելու առիթ չունի: 

Ընդամենը  իր քթի տակ… ավելի հստակ՝ աչքի վերևը, ուր հոնքը պիտի լիներ, ակտիվ շինարարությամբ  ինքնակամ է կառուցվում հայտնի ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծած շենքի գլխին:

Որպեսզի  շատ չշփոթվեք, թե Բաևի շենքերից որի, հուշենք՝  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ցուցակում 100-րդ համարը՝ Դատարանի շենք, Գերագույն դատարանը, ներկայումս՝ ՀՀ դատախազության շենքը :

Այսպիսի՞նն է բանը, ՀՀ գլխավոր դատախազություն, այսպե՞ս եք իրականացնում պետության շահի ներկայացումը,  այսպե՞ս եք պահպանում ձեզ վստահված դիրքը՝  թշնամին անցել է սահմանը: Գտիր գողին:

Իսկ երկարացող «անցումային շրջան» ապրող  ՀՀ մշակույթի նախարարությանը, որ Սարդարապատի  100-ամյա հերոսամարտի  տոնակատարությանը չկարողացավ «Կալինկայի» դեմն առնել, դպրոցական հանձնարարություն՝ սովորեք պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակը ատ սիխ դա սիխ:

Անահիտ Ոսկանյան

Placeholder