Կրթության ոլորտը կառավարության ծրագրում
Կրթություն, գիտություն
13:36 02/06/2018
Հայաստան

Կրթության ոլորտը կառավարության ծրագրում

«Կառավարությունը հանձնառություն է ստանձնում ապահովել կրթության հասանելիությունը ՀՀ բոլոր քաղաքացիների համար. սոցիալական վիճակն ու Հայաստանի աշխարհագրությունը չպետք է խոչընդոտ հանդիսանան կրթության իրավունքի իրացման համար»,- այս մասին նշված է ԱԺ-ին ներկայացված նոր կառավարության ծրագրի կրթությանը վերաբերող բաժնում։

Ծրագրում շեշտվում է, որ ուսման վարձը չվճարելու պատճառով բարձր առաջադիմությամբ որևէ ուսանող չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից։

«Անհրաժեշտ է դադարեցնել դպրոցների և բուհերի՝ քաղաքական-կուսակցական նպատակներով օգտագործումը, ինչը տարիներ շարունակ բացասական ազդեցություն է գործել կրթության որակի վրա` աստիճանաբար հեղանակազրկելով դպրոցը, ԲՈՒՀ-ը, ուսուցչին, կրթության ոլորտի կազմակերպիչներին»,- նշված է ԱԺ-ին ներկայացված ծրագրում։

Ինչ վերաբերում է կրթության ոլորտի առաջնահերթություններին, նոր կառավարությունը գտնում է, որ պետք է մեծացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը և հասանելիությունը հանրապետության բոլոր համայնքներում, ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման մոդելներ։

Նոր ծոր ծրագրում առանձին անդրադարձ կա նաև 12-ամյա կրթությանը, ըստ որի նոր բովանդակություն պետք հաղորդվի 12-ամյա կրթությանը. «Պետք է մշակել նոր չափորոշիչներ և առարկայական ծրագրեր, վերարժևորել ավագ դպրոցի դերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական հմտությունները տարատեսակ փորձարարական ծրագրերի ու միջազգային փորձի հիման վրա»։

Ծրագրում նշված կետերից մեկը աշխատաշուկայում միջին մասնագիտական կրթությունը կադրերի ապահովման հիմնական օղակ դիտարկելն է՝ նախապես ներդնելով աշխատաշուկայի կարիքների գնահատման և կրթական քաղաքականության իրականացման սինխրոնիզացման հստակ մեխանիզմներ։

Ինչ վերաբերում է գիտության՝ ծրագրում նշված է. «Բարձրացնել գիտության նպատակային ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի պահանջներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին։

Հայաստանում ապրելու և ստեղծագործելու պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին: Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, տնտեսության մրցունակությանը և անվտանգությանը ամիջականորեն նպաստող համակարգ»։

Placeholder