Դավիթ Պիպոյան. 9 կին մեկ ամսում մեկ երեխա չեն կարող ունենալ
Տնտեսություն
18:32 04/06/2018
Հայաստան

Դավիթ Պիպոյան. 9 կին մեկ ամսում մեկ երեխա չեն կարող ունենալ

Սննդագիտության դոկտոր, պարենային իրավունքի մասնագետ, Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը հիասթափեցնում է գյուղատնտեսության ոլորտում հեղափոխական տեմպերով աճ ու զարգացում խոստացող կառավարությանը: Նա փաստում է՝ դրա համար բարի ցանկությունները բավարար չեն, պետք է մասնագիտական հմտություն, լավ ենթակառուցվածքներ, որոնք այս պահին չկան:

«Հայաստանի ներկա ենթակառուցվածքների պայմաններում հեղափոխական գյուղատնտեսություն հնարավոր չէ»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Պիպոյանը:

Նրա համոզմամբ, աշխարհի լավագույն մասնագետներն էլ այս պարագայում օգնել չեն կարող.
«Ես միշտ այս օրինակն եմ բերում՝ 9 կին մեկ ամսում մեկ երեխա չեն կարող ունենալ:  Գյուղատնտեսությունն այն ոլորտներից է, որտեղ ժամանակ է պահանջվում»:

Արձագանքելով կառավարության հրապարակված ծրագիրը չքննադատելու, դրան մեղմ վերաբերելու կոչեր անողներին՝ գիտնականը նշում է, այդպես կվարվեր, եթե գոնե կարճաժամկետ առումով խնդիրներին լուծումներ տրվեին, քանի որ ոլորտի  պլանավորման աշխատանքներում հստակ պետք է տարանջատել օպերատիվ ու հեռանկարային խնդիրները:

«Դա կլիներ շատ հիմնավորված, փորձագետները կարող էին ասել կարճաժամկետ ծրագիր է: Բայց կարճաժամկետ ծրագրում սննդամթերքի անվտանգության ու արտահանման խնդիրները պետք է անպայման ներառված լինեին: Եթե մենք որևէ ուղղություն համարում ենք գերակա, ապա այդ ոլորտի խնդիրները պետք է ճիշտ արտացոլեն ներկա իրավիճակն ու մարտահրավերները, որոնք առաջիկայում, նկատի չունեմ երկարաժամկետ, մեզ հուզում են: Այս առումով ես ուզում եմ հետևյալ շեշտադրումն անել՝ Սննդամթերքի անվտանգության վերաբերյալ գլուխն  է հանած»,-նկատեց սննդագետը:

Հիշեցնենք, որ կառավարության ծրագրում գյուղատնտեսությունն առաջնահերթություն է որակված:

Պիպոյանը հիշեցրեց՝ գործադիր մարմնի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ մեսիջ ուղարկեց կառավարությանը, որ հենց այդ օրվանից հանձնարարական ընդունեն սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք կապված են արտահանման հետ:

«Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ էքսպորտը լինելու է հունիսին, հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին, հոկտեմբերին, այսինքն այս առումով մենք ժամանակ չունենք: Սննդի անվտանգության երկու սպեկտորները՝ հանրային առողջապահական ու արտահանման մասով, պետք  է ծրագրում լինեին: Վարչապետը հատուկ հանձնարարական տվեց, և ես կարծում եմ, որ թիմը պետք է լիներ ականաջալուր, առնվազն արտահանման մասով, քանի որ մի քանի օրից ծիրանի մեծամաշտաբ արտահանումը սկսելու է»,-մանրամասնեց կենտրոնի ղեկավարը:

Ծրագրում նշված է նաև պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին:

«Գյուղատնտեսությունը բարդ ոլորտ է, ես բուհն  ավարտելուց հետո աշխատել եմ ագրոսպասարկման ընկերությունում: Մինչև չմտնես ֆերմա, այնտեղ չաշխատես, չտեսնես կաթի արտադրության պրոցեսը, չես կարող պատկերացնել գործի բարդությունը: Այդ առումով կարևոր է, որ ծրագիր գրող թիմն անպայման հաշվի առնի ոլորտի պրակտիկ խնդիրները»,-նշեց Դ. Պիպոյանը:

Բազմաթիվ երկրների գյուղանտեսության զարգացման փորձերն ու ագրոքաղաքականության ծրագրերն ուսումնասիրած գիտնականը պնդում է՝ դրանցից որևէ մեկը Հայաստանում չի աշխատում, քանի որ այդ ոլորտը մեր երկրում բազմաթիվ առանձնահատկություններ ունի:

«Մեր բնակլիմայական պայմանները տարբեր են, տնտեսությունները մանր են, շատ լավ գիտենք, թե ինչպես է իրականացվել հողային ռեֆորմը: Առկա խնդիրները պահանջում են խորը վերլուծություն, Հայաստանում առկա իրավիճակի լավ իմացություն: Այստեղ շատ կարևոր է՝ չկրկնել նախկինների սխալները: Հայաստանում բոլոր հաջորդ կառավարությունների ձախողման պատճառը եղել է այն, որ նախորդների փորձը հաշվի չեն առել: Սա շատ կարևոր է, ճիշտ է՝ կարճ ժամանակ է ունեցել ծրագիր գրող թիմը, բայց պետք է մանրամասն ծանոթանա, թե որոնք են եղել նախորդների ձախողման պատճառները, հավատացեք դրանից ավելի շատ բան կսովորեն, քան նստեն այլ երկրների փորձն ուսումնասիրեն»,-կարծիք հայտնեց նա:

Դավիթ Պիպոյանի խոսքով, այս ոլորտում բարի ցանկությունը բավարար չէ, հապճեպ որոշումներ պետք չեն, դրանք երբեմն հակառակ արդյունքն են ունենում:

«Պետք է համակողմանի վերլուծություն, մեկ այլ բան է ունենալ բարի ցանկություն, մեկ այլ բան՝ ունենալ մասնագիտական կարողություններ ու հմտություններ»,-փաստեց նա:

Placeholder