Բերբերյան. Երկրի գյուղատնտեսությունը ևս մեկ տարի հետ գցելն անբարոյականություն է
Տնտեսություն
12:15 04/06/2018
Հայաստան

Բերբերյան. Երկրի գյուղատնտեսությունը ևս մեկ տարի հետ գցելն անբարոյականություն է

Կառավարության ծրագրում գյուղատնտեսության ոլորտի մասին հատվածը «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանին հիշեցրել է բարի ցանկությունների ծրագիր, որի էջերը բացված չեն: Նա համարում է, որ գործող կառավարությունում մասնագետների խնդիր կա, ոլորտից անտեղյակ են:

«Ցավոք սրտի, այդ էջերը մասնագիտական ուղղություններն են: Կարծում եմ՝ չեն եղել այն մարդիկ, պրոֆեսիոնալները, որոնք էդ էջերը կարող էին բացել, հասարակությանը մատչելի ներկայացնել: Պարզվում է՝ որ ֆիզիկոսի գրած ծրագիրն էլ էդքան հազիվ էլ լինի»,-Panorama.am-ի  հետ զրույցում ասաց Բերբերյանը՝ նկատի ունենալով նախարար Արթուր Խաչատրյանի գյուղատնտես չլինելու փաստը:

Բերբերյանի խոսքով, ոռոգման համակարգի, վարկերի, անմշակ հողերի ծավալի կրճատման  մասին լավ բաներ են գրված, սակայն պարզ չեն դրանց իրականացման մեխանիզմները, կարելի էր ավելի հստակ ու ընդգրկուն ներկայացնել:

«Ես հասկանում եմ, որ կառավարությունը, քաղաքական ուժերը պատրաստվում են գնալ ընտրությունների, աթոռները իրար մեջ կիսելու, դրա համար չեն կարևորում էս ոլորտը: Բայց երկրի գյուղատնտեսությունը ևս մեկ տարի հետ գցելը, կարծում եմ, անբարոյականություն է»,-կարծիք հայտնեց  ոլորտի մասնագետը:

Բերբերյանի խոսքով, այս ոլորտում պետք է աշխատեն մասնագետները, ոչ թե այս կամ այն քաղաքական դրոշի ներքո հանդես եկող գործիչները:

«Ասում են՝ հեղափոխական տեմպերով զարգացում: Հեղափոխականը ո՞րն է: Բերենք նարինջ ու մանդարին, բանան աճեցնենք, կլինի հեղափոխություն, բայց կաճի՞: Մի  անգամ արդեն արեցին, խոշոր եղջերավոր անասուներին բերեցին ու կոտորեցին Հայաստանում, հեղափոխական էր խնդրեմ: Մարդ պետք է աշխատասեր, մասնագետ լինի, որ արդյունքներ ապահովի»,-ասաց նա:

 

Placeholder
Բերբերյան. Երկրի գյուղատնտեսությունը ևս մեկ տարի հետ գցելն անբարոյականություն է