Կան որոշակի սոցիալական խմբեր, որոնց հիմնադրամը գումարներ էր վճարում, դա պետք է շարունակի. Ա. Հարությունյան
Կրթություն, գիտություն
16:53 05/06/2018
Հայաստան

Կան որոշակի սոցիալական խմբեր, որոնց հիմնադրամը գումարներ էր վճարում, դա պետք է շարունակի. Ա. Հարությունյան

«Որպես Հայաստանի երիտասարդական հիմնադրամի խորհրդի անդամ՝ առաջիկայում պատրաստվում ենք նախաձեռնել խորհրդի նիստ, իրականացնել հիմնադրամի աուդիտ»,- այս մասին այսօր ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցին՝ թե ինչպես է պատկերացնում հիմնադրամի գործունեության հետագան։

Նախարարը նշեց, որ համալսարանները հարյուրավոր միլիոն դրամներ փոխանցում են հիմնադրամին և պարզ չէ, թե ինչ պայմանավորվածության արդյունքում են գումարները համալսարանից փոխանցվում, բայց միայն ԵՊՀ-ն այս տարի պետք է 130 մլն դրամ է փոխանցեր այդ հիմնադրամին։

«Այն պահից, երբ ես կոչ արեցի դադարեցնել վճարումները, հիմա հարյուրավոր միլիոնավոր դրամներ կմնան բուհերին: Պատկերացրեք՝ տասնյակ տարիներ բուհերը կարող էին արդյունավետ իրենց համար տնօրինել այդ գումարները։ Երիտասարդական հիմնադրամին պետական բյուջեից էլ մեծ գումարներ են գնում: ՀԵՀ տնօրենի դեմ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ցուցմունքով տնօրենն ինքն իր հետ 326 մլն դրամի գործարք է կնքել, եթե այդ գումար էլ վերականգնվի, հիմնադրամն արդեն իր գործառույթը կկատարի՝ արդարացիորեն վճարելով կրթաթոշակներ»,-ասաց նա:

Հարությունյանը նշեց, որ կան որոշակի սոցիալական խմբեր, որոնց հիմնադրամը գումարներ վճարում էր, ինչը պետք է շարունակվի. «Քանի որ «Լույս» հիմնադրամը դադարեցրել է գործունեությունը, հիմա մենք տարբեր անհատների հետ քննարկման մեջ ենք, որ համարժեք հիմնադրամ ստեղծենք, որ արտասահմանում սովորող երեխաները խնդիրներ չունենան»։
 

Placeholder